Ես ռոմանտիկ մոտեցում ունեմ արվեստագետների հանդեպ և կարծում եմ, որ նրանք ավելի հեռուն են տեսնում. Սիմոն Աբգարյան

7 րոպեի ընթերցում

Ֆրանսահայ ականավոր դերասան, թատերական ռեժիսոր, դրամատուրգ Սիմոն Աբգարյանը կինոյում կերտել է այնպիսի վառ անհատականությունների կերպարներ, ինչպիսիք են Արշիլ Գորկին, Միսաք Մանուշյանը, իսկ այժմ նաև Շառլ դը Գոլը, սակայն նրան մեծ հաջողություն են բերել նաև Արամի դերակատարումը համանուն ֆիլմում և Ջեյմս Բոնդի հակառակորդի կերպարը  «Կազինո «Ռոյալ» » կինոնկարում։

Աբգարյանը նվաճումներ է ունեցել նաև թատերարվեստում. նա «Մոլիեր» մրցանակի է արժանացել՝ ճանաչվելով «Լավագույն դերասան», հետագայում նաև՝ «Լավագույն ռեժիսոր« և «Լավագույն ֆրանսալեզու գրող»։

Դերասանն այս տարի հյուրընկալվել է Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որի շրջանակում հանդիսատեսին կներկայացնի Շառլ դը Գոլին նվիրված երկմասանի ֆիլմը՝ «Դը Գոլի մարտը»  և «Դը Գոլ. ազատություն»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 15-ի արտիստի արվեստի երկրպագուները հնարավորություն ունեցան հանդիպել Աբգարյանի հետ, լսել և հարցեր ուղղել նրան։

Աբգարյանը կարծում է՝ հատկապես վերջին տարիներին ֆրանսիական կինոյում հաճախ են անդրադառնում ֆրանսիական դիմադրությանը, Ֆրանսիայի հերոսներին, քանի որ ինչ-որ չափով Ֆրանսիան ինքնությունը պահելու տագնապի մեջ է։ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիան հանգիստ է ապրել և կարծես թե մոռացել է խնդիրները. դա բնական է, եթե խնդիրներ չկան սահմաններին, եթե հարևաններդ հանգիստ են, իսկ այժմ որոշակի տագնապ կա: Ես ռոմանտիկ մոտեցում ունեմ արվեստագետների հանդեպ և կարծում եմ, որ նրանք ավելի հեռուն են տեսնում և որոշ կանխատեսումներ են անում, ուստի կան բազմաթիվ ֆիլմեր, որոնք անդրադառնում են պատմությանն ու գրավում են երևակայական տարածքները»,-նշեց արտիստը։

Ըստ նրա՝ հայ արվեստագետները ևս պետք է «գրավեն» այդ երևակայական տարածքն ու հայոց պատմությունը սեփական տեսանկյունից պատմեն՝ անդրադառնալով ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլև այսօրվա Հայաստանին, այսօրվա սփյուռքին։ Աբգարյանը վստահեցնում է՝ մենք հարուստ ժողովուրդ ենք՝ ունենք պատմություն, ունենք պոեզիա, գրականություն, երաժշտություն և տաղանդավոր սերունդ, որին  պետք է չանտեսել, այլ օգնել նրան «գրավել» այդ դաշտը։

Ֆրանսիայի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ,  Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության հիմնադիր և նախագահ Շառլ դը Գոլի կերպարը կերտելիս՝ Սիմոն Աբգարյանը շուրջ երեք շաբաթ ժամեր շարունակ բազմաթիվ նյութերի է ծանոթացել, դիտել է Դը Գոլի հարցազրույցները, նրա մասին պատմող ֆիլմերը։ Կարծում է՝ Շառլ դը Գոլն ինքնին թատերական կերպար է եղել, ասպետի է նման եղել, անգամ ժպտալու ժամանակ չի ունեցել, քանի որ պայքար էր, անհրաժեշտ էր հայրենիքը փրկել։

«Երեք շաբաթ անց փակեցի համակարգիչը, որոշեցի, որ իմ արվեստով եմ զբաղվելու, այն է՝ երևակայելը։ Վերցրի այդ ամբողջ նյութն ու այն իմը դարձրի, որպեսզի մարմին տամ, ձայն տամ։ Նման կերպարներին մարմնավորելիս՝ կարող ես կրկնօրինակել նրանց՝ նույն ձայնը, ժեստերը, ինչն ինձ համար անընդունելի է և անհետաքրքիր։  Քառասուներկու տարի է՝  ինքս ինձ հարց եմ տալիս, թե  ինչ է դերասանական արվեստը, ինչ է պատասխանատվությունը, որը ես վերցնում եմ ինձ վրա՝ ներկայացնելով  մարդկանց, նրանց տագնապները, պայքարը և այլն»,-նշեց դերասանը։

Աբգարյանն ընդունում է դերասանական տարբեր դպրոցները, սակայն իր համար կա երեք կարևոր բան՝ տեքստ, մարմին և ապրում։  Կարևորում է մարմնի հստակությունը, երբ դերասանը շատ լավ գիտի, թե որտեղ է իր արմունկը, ուսը և այլն, հստակ զգում է մարմինն ու կարողանում է այն ճիշտ կառավարել։ «Ինձ համար հստակությունն ինքնին բանաստեղծություն է, ինձ համար դերասանը պետք է հստակ միտք, զգացողություններ ունենա»,-շեշտեց նա։

Խոսելով այն մասին, թե ինչպես են ֆրանսիացիներն արձագանքել այն փաստին, որ Շառլ դը Գոլին ազգությամբ ոչ ֆրանսիացի է մարմնավորել՝ Աբգարյանն ասաց, որ  կարծիքները տարբեր են եղել։ «Պետք է հասկանալ, թե ով է իսկական ֆրանսիացին. մարզերի և քաղաքի ֆրանսիացիները շատ տարբերվում են։ Կարևոր են լեզուն, ժողովրդավարական ուտոպիան, իսկ Ֆրանսիան իր արվեստով, մշակույթով, պատմությամբ դեմոկրատական երկիր է։ Ես այսօր Ֆրանսիայի պատմության մասն եմ. ներկայացումներ եմ բեմադրում, ֆիլմերում եմ նկարահանվում, համարյա լավ ֆրանսերեն եմ խոսում։ Մենք՝ հայերս, շատ արագ ենք ադապտացվում։ Երբ ներգաղթյալ ես, կամ պետք է շուտ հարմարվես, կամ մեռնես»,-ընդգծեց դերասանը։

Սիմոն Աբգարյանը խոստովանում է՝ Դը Գոլի մասին ֆիլմը դիտելուց հետո չի զղջում  որևէ բանի համար։ Նա չի մտածում, որ ամեն բան փայլուն է արել, սակայն պետք է առաջ գնալ։ Ըստ նրա՝ իր ինքնությունը, իր պատմությունը, իր կապն ընտանիքի և ժողովրդի հետ անմիջականորեն արտահայտվում են նաև իր մասնագիտության մեջ, արտացոլվում են դերակատարումներում։ «Դժբախտաբար ողբերգությունը լավ եմ հասկանում, բայց՝ լավ գրված ողբերգությունը՝  հունական և այլն։ Դը Գոլի ֆիլմը ևս այդպիսին է։ Որտեղ կա բաժանում, կա մահ, կա պայքար, ինձ հետ  խոսում է։ Կցանկանայի, որ այդպես չլիներ»,-ասաց դերասանն ու հավելեց՝ կարելի է ֆիլմեր նկարահանել բոլոր հերոսների մասին, սակայն պետք է խոսել նաև այսօրվա մարդու մասին, որը ևս հերոս է։

Աբգարյանը կարծում է՝ դերասանի կյանքում տասը տարին մեկ կարող է պատահել, որ համադրվեն լավ կերպարը, դերակատարումը, վարպետությունը և այլ գործոններ, և դա դառնա հզոր աշխատանք։ Նրա համար այդպիսի աշխատանքներից է «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը, որի համար նա «Մոլիեր» մրցանակի է արժանացել։ Այն դիտել է ամբողջ Ֆրանսիան, և ոչ միայն։  

Սիմոն Աբգարյանն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է վաղ 1980-ականներին Ամերիկայում, իսկ այնուհետ շարունակել Արիան Մնուշկինի լեգենդար «Տեատր դյու Սոլեյ»-ում։ 1990-ականներից ի վեր նա մեծ հաջողությամբ փայլում է նաև կինո և հեռուստատեսային էկրաններին թե՛ Ֆրանսիայում, թե՛ Ամերիկայում։

Աբգարյանը համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սեդրիկ Կլապիշը, Ատոմ Էգոյանը, Ռոբեր Գեդիգյանը, Սալի Փոթերը, Ֆաթիհ Աքընը և ուրիշներ:

 

Հայերեն Русский

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը սիներգիաների ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համագործակցելու հարցում

Գործարկվել է COP17-ի պաշտոնական կայքը

Աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

USTDA-ն շարունակում է Հայաստանի հետ աշխատել մի շարք նախագծերի մշակման ուղղությամբ. Կարլ Կրես

ԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնի

Գարեջրի օրեր՝ Երևանում

Wildberries-ն ու Yerevan City սուպերմարկետների ցանցը համագործակցություն են սկսում

Գյումրիում նախատեսվում է տարեկան շուրջ 25 կմ ճանապարհաշինական ծրագրերի իրականացում

Ես ռոմանտիկ մոտեցում ունեմ արվեստագետների հանդեպ և կարծում եմ, որ նրանք ավելի հեռուն են տեսնում. Սիմոն Աբգարյան

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունը