Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ

Հայաստանի արտաքին գործերի  նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել  ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի միջև ձևավորված սերտ համագործակցությունը։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել առավել ընդլայնելու փոխգործակցությունն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Չալոկա Բեյանին քննարկել են «ՄԱԿ80» բարեփոխումների գործընթացը` ընդգծելով  կանխարգելման օրակարգի ամրապնդման կարևորությունը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցերում` նպաստելով վաղ նախազգուշացման և կանխարգելիչ գործողությունների գործիքակազմի ամրապնդմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է բազմակողմ հարթակներում Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը, այդ թվում՝ երկու տարին մեկ պարբերականությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: 

Անդրադարձ է կատարվել նաև այս տարի Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 6-րդ գլոբալ ֆորումի անցկացմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում