Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

10 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանում տեղի  ունեցավ «Հայ գերիները Ադրբեջանում և Եվրոպական միության ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովը, որը նվիրված էր Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին։

Համաժողովը Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ հյուրընկալել էին Կիպրոսը ներկայացնող, Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցության պատգամավոր Կոստաս Մավրիդեսը և Հայաստանի հարցերով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, Սլովենիան ներկայացնող ԵԺԿ խմբակցության պատգամավոր Միրիամ Լեքսմանը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովի հիմնական բանախոսներն էին հայ գերիների շահերը միջազգային ատյաններում ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (Christian Solidarity International) կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ժոել Վելդկամպը, Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (IPHR) Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին, ինչպես նաև Բաքվում պահվող պատանդ, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։

Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի՝ այն ժամանակ միջազգայնորեն չճանաչված լինելը չի կարող հիմք հանդիսանալ այսօր Բաքվում ընթացող քրեական հետապնդումները իրավաչափ համարելու համար։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը երբևէ չեն հայտարարել ԼՂ անկախությունն անվավեր և պետություններին կոչ չեն արել չճանաչել այն, ինչպես դա տեղի է ունեցել այլ հակամարտությունների դեպքում։

«Տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնացել է բանակցությունների առարկա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Մինսկի խմբի ներկայացուցիչները հանդիպումներ և շփումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ այն անձանցից մի քանիսի, որոնք այսօր պահվում են Բաքվում։ Այդ ժամանակ այդ կապերը չէին համարվում անօրինական կամ հանցավոր գործունեության մասնակցություն, այլ դիտարկվում էին որպես միջազգային հանրության կողմից ընդունված խաղաղ կարգավորման գործընթացի մաս»,- նշեց Սահակյանը։

Իրավապաշտպանը եզրակացրեց, որ հենց այդ պատճառով Բաքվում ընթացող դատավարությունները չեն կարող ընկալվել որպես սովորական քրեական գործեր։ Նրա գնահատմամբ՝ դրանք քաղաքական նպատակ են հետապնդում՝ շրջելու պատասխանատվության մասին պատմությունը, զոհ դարձած և տեղահանված հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացնելու որպես մեղավորներ և քրեականացնելու Լեռնային Ղարաբաղի քաղաքական գոյությունը։

Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (IPHR) ներկայացուցիչ Սիմոն Պապուաշվիլին իր ելույթում նշեց, որ եկել է ժամանակը բանաձևերից անցնելու գործնական քայլերի։ Նրա խոսքով՝ հայ գերիների ազատ արձակումը պետք է դառնա Եվրոպական միության և Ադրբեջանի միջև բոլոր շփումների հստակ ու չափելի առաջնահերթությունը։

Նա ընդգծեց, որ մինչև ազատ արձակումը ԵՄ-ն պետք է պահանջի ապահովել մի շարք հիմնարար երաշխիքներ՝ անկախ մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտք, ընտանիքների հետ կանոնավոր կապ, անկախ բժշկական զննություններ, փաստաբանների հետ գաղտնի հանդիպումների հնարավորություն և գործի նյութերին ամբողջական հասանելիություն՝ մեղադրյալների համար հասկանալի լեզվով։

Պապուաշվիլին նաև առաջարկեց, որ Եվրամիությունը սահմանի Ադրբեջանի նկատմամբ հստակ չափանիշներ և ժամկետներ՝ նշելով, որ դրանց չկատարման դեպքում դա պետք է ազդի քաղաքական համագործակցության, երկկողմ բանակցությունների և ԵՄ-ի հետ համագործակցության վրա։ Նա նաև կոչ է արել դիտարկել ԵՄ Մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմի կիրառումը այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց առնչությամբ կան արժանահավատ տվյալներ խոշտանգումների, կամայական կալանքի կամ դատական իշխանության լուրջ չարաշահումների վերաբերյալ։

«Հայ գերիների ազատ արձակումը պարգև կամ առավելություն չէ Հայաստանի համար։ Դա պարտավորություն է, որը բխում է միջազգային մարդասիրական իրավունքից, մարդու իրավունքների միջազգային իրավունքից և այն պարտավորություններից, որոնք կողմերն իրենք են ստանձնել»,- ասաց նա։

Համաժողովում ելույթ ունեցած Ժոել Վելդկամպը նշեց, որ Բաքվում պահվող յուրաքանչյուր հայ գերի նախևառաջ մարդկային կյանք է, որի վերադարձին սպասում է նրա ընտանիքը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր քրեական գործ ինքնին մարդու իրավունքների հրատապ ճգնաժամ է, սակայն այս դեպքում խնդիրը շատ ավելի լայն նշանակություն ունի։

Վելդկամպի գնահատմամբ՝ միջազգային հանրությունը, չպահանջելով գերիների անհապաղ ազատ արձակումը, փաստացի ընդունում է Ադրբեջանի գործողությունները և այն նախադեպը, որ ռազմական ուժը կարող է ծառայել հակամարտությունների լուծման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի չեղարկման համար։

Բանախոսը քննադատեց Եվրամիության քաղաքականությունը՝ նշելով, որ այն միաժամանակ խորացնում է հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, սակայն խաղաղության գործընթացում հիմնական զիջումները պահանջվում են միայն Հայաստանից, մինչդեռ Ադրբեջանից գրեթե ոչինչ չի պահանջվում։

Վելդկամպը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է ստորագրել վերջնական խաղաղության պայմանագիրը և շարունակում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել որպես «արևմտյան Ադրբեջան»։

Նրա համոզմամբ՝ ներկայիս քաղաքականության արդյունքում ձևավորվում է թույլ Հայաստան, ինչը չի բխում նաև Եվրոպայի շահերից։

Նրա խոսքով՝ Թուրքիայի աճող ազդեցության, ինչպես նաև միջազգային նորմերի նկատմամբ հարգանքի թուլացման պայմաններում հենց ուժեղ Հայաստանն է, որ կարող է արժեքավոր գործընկեր լինել Եվրամիության համար։

«Եթե Եվրոպան ցանկանում է նպաստել Հայաստանի հզորացմանը, ապա առաջին քայլերից մեկը պետք է լինի Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցում վճռական միջամտությունը»,- եզրափակեց նա։

Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը նշեց՝ թեև միջազգային պատմությանը հայտնի գրեթե բոլոր խաղաղության համաձայնագրերը հանգեցրել են առաջին հերթին հենց ռազմագերիների ազատ արձակմանը, Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է դրանից։

Նա մեջբերեց իր հոր հայտարարությունն այն մասին, որ Բաքվում հայ գերիների դատավարությունները ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ, հետևաբար Բաքվում պահվող հայ ռազմագերիներն այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ։ Նրա գնահատմամբ՝ այս հանգամանքը լրջորեն հարցականի տակ է դնում իրական խաղաղության հանդեպ ադրբեջանական հանձնառությունը։  

Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանն իր խոսքում ընդգծեց, որ Եվրոպական միությունը պետք է առավել հետևողական լինի Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալների և գերիների պաշտպանության հարցում։ Նրա խոսքով՝ թեև ԵՄ-ն ակտիվորեն խորացնում է համագործակցությունը Հայաստանի հետ՝ աջակցելով երկրի տնտեսական դիմակայունությանը և եվրոպական շուկաներ մուտքին, միաժամանակ էներգետիկ շահերի պատճառով բավարար ճնշում չի գործադրում Ադրբեջանի վրա մարդու իրավունքների խախտումների հարցում։ Նա նշել է, որ ԵՄ-ն պետք է օգտագործի իր համագործակցության և էներգետիկ հարաբերությունների լծակները՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Պատգամավորը նաև շեշտել է, որ այս հարցում անհրաժեշտ է Հայաստանի և Եվրոպական միության քայլերի սերտ համակարգում և շարունակական քաղաքական ճնշում՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտումները կանխելու համար։

Հարց ու պատասխանի ժամանակ համաժողովի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին հարցը օրակարգում պահելու համար, ոմանք մտահոգություն հայտնեցին, որ ԵՄ-ի գործողությունները չեն համապատասխանում իր արժեհամակարգին, քանի ԵՄ-ն դեռ Բաքվին համարում է վստահելի գործընկեր։ Ոմանք էլ  հետաքրքրվեցին, թե ինչպես են եվրախորհրդարանականները բացատրում Եվրախորհրդարանի ու Եվրոպական հանձնաժողովի միջև առկա անջրպետը, քանի որ բանաձևերում առկա պահանջներին Հանձնաժողովը գրեթե երբեք ականջալուր չի լինում։ Կոստաս Մավրիդեսը նշեց, որ Եվրոպական խորհրդարանում մանդատ ունի արդեն 15  տարի և ցավով է արձանագրում, որ ԵՄ-ի արտաքին քաղաքականության մասին դիվանագիտական լեզվով խոսել այլևս հնարավոր չէ։

Սիմոն Պապուաշվիլին էլ նշեց, որ ցավալի է տեսնել՝ ԵՄ-ն այսօր ներդրումներ է անում ֆոսիլային վառելիքների համար այն էլ Ադրբեջանի նման երկրում և նման կախվածությունն ուղղակի անիմաստ ու վտանգավոր է ԵՄ-ի էներգետիկ անվտանգության համար։ 

Հայերեն English Русский