3 րոպեի ընթերցում
Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի միջնորդությունը, ինչի արդյունքում Սարգսյանը գործի քննության ընթացքում չի մասնակցի դատական նիստերին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտպանն իր միջնորդության մեջ նշել է, որ Սերժ Սարգսյանը գտնվում է ազատության մեջ, ունի ընտրված պաշտպաններ և չի առարկում, որպեսզի դատական նիստերը շարունակվեն իր բացակայությամբ։
Մակինյանի խոսքով՝ պաշտպանական կողմի դիրքորոշումը գործով արդեն ձևավորված է, իսկ Սարգսյանի շահերը դատարանում ամբողջությամբ կներկայացնեն նրա պաշտպանները։
«Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի հրաժարվում իր դատավարական իրավունքներից, չի խոչընդոտում գործի քննությանը, անհրաժեշտության դեպքում կներկայանա դատարան, եթե դատարանը նրա մասնակցությունը ճանաչի պարտադիր»,- ասել է Ամրամ Մակինյանը։
Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ գրավոր ապացույցների հետազոտման փուլում Սերժ Սարգսյանի ներկայությունը պարտադիր չէ։ Անհրաժեշտության դեպքում նա դատարան կհրավիրվի համապատասխան ծանուցմամբ։
Դատարանը բավարարել է նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի միջնորդությունը՝ հետագա դատական նիստերը նրա բացակայությամբ անցկացնելու վերաբերյալ։ Մեղադրող կողմը միջնորդություններին չի առարկել։
Հուլիսի 13-ի նիստում դատարանն անցել է հիմնական դատալսումներին, մեղադրող կողմը հանդես է եկել բացման խոսքով։
Սերժ Սարգսյանին վերաբերող մի քանի քրեական գործեր միավորվել են և քննվում են մեկ վարույթում։
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված, մասնավորապես, պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի վատնումը կազմակերպելու համար։ Դիզվառելիքի գործով, ըստ մեղադրանքի, 2013 թվականին պետական աջակցության ծրագրերի շրջանակում հատկացված սուբսիդիայից վատնվել է 489 մլն 160 հազար 310 դրամ։
Մեկ այլ միավորված վարույթով Սարգսյանին վերագրվում են պաշտպանության նախարարի պաշտոնավարման տարիներին թույլ տրված ենթադրյալ չարաշահումներ․ ըստ մեղադրանքի՝ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող 17 միավոր անշարժ գույք շուկայականից էապես ցածր գներով օտարվել է տարբեր անձանց։ Սերժ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում։