Մշակույթ

Ազգային ավանդույթներն ու միջմշակութային երկխոսությունը՝ մեկ հարթակում․ Գառնիում և Գեղարդում կայացել է «Վարդավառ» երիտասարդական փառատոնը

5 րոպեի ընթերցում

Ազգային ավանդույթներն ու միջմշակութային երկխոսությունը՝ մեկ հարթակում․ Գառնիում և Գեղարդում կայացել է «Վարդավառ» երիտասարդական փառատոնը

Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ հուլիսի 12-ին Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ/FYCA), ավանդույթի համաձայն, կազմակերպել էր «Վարդավառ» երիտասարդական փառատոնը։ Ճանաչողական, կրթական ու մշակութային այս նշանակալի իրադարձությունն անցկացվում է համաշխարհային նյութական մշակույթի գանձարան հանդիսացող պատմամշակութային բացառիկ վայրերում՝ Գառնիում և Գեղարդում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փառատոնի նպատակն է երիտասարդներին հաղորդակից դարձնել հայկական ազգային մշակույթին, դարերով փոխանցված նյութական և ոչ նյութական արժեքներին, վերակենդանացնել տոնի ավանդական ծեսերն ու խորհուրդները։

«Վարդավառն ավելին է, քան պարզապես միմյանց վրա ջուր լցնելը։ Այն մեր ինքնության, հազարամյակների պատմություն ունեցող մշակութային ժառանգության և հոգևոր արժեքների խտացումն է։ Մեր նպատակն է, որ երիտասարդներն այսօր ոչ միայն զվարճանան, այլև ճանաչեն ու իրենց հոգում կրեն այն խորհրդանշանները՝ խնձորօրհնեքից մինչև հասկի փունջ, որոնք մեզ են փոխանցել մեր նախնիները։ Ուրախալի է տեսնել, թե ինչպես է տարեցտարի ընդլայնվում փառատոնի աշխարհագրությունն ու մասնակիցների շրջանակը՝ այս պատմական միջավայրում միավորելով տարբեր համայնքների, ստեղծագործական խմբերի, հազարավոր զբոսաշրջիկների և կամավորների, ովքեր այս գաղափարի շարժիչ ուժն են»,– նշել է փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը։

Տոնական օրվա մեկնարկն ազդարարվել է Գեղարդի վանական համալիրից, որտեղ մատուցվել է Սուրբ պատարագ, կատարվել է երիտասարդության օրհնության կարգ և ավանդական ջրօրհնեք (ջրցանություն)։ Տոնակատարությունը շարունակվել է Գառնիում՝ հագեցած մշակութային հայտագրով, ուրախ երգ ու պարով, ավանդական խաղերով (Աքլորակռիվ, Յոթ քար, Գոտիների խաղ) և, անշուշտ, տոնի անբաժանելի մասը կազմող ջրոցիով։

«Մեզ համար առաջնահերթություն է մարզում մշակութային կյանքի աշխուժացումն ու զբոսաշրջային ներուժի բացահայտումը։ «Վարդավառ» երիտասարդական փառատոնը, որն արդեն ավանդական է դարձել Գառնիում և Գեղարդում, լավագույնս համադրում է պատմական ժառանգության պահպանությունն ու կենդանի մշակույթը։ Մենք հպարտ ենք աջակցել այս նախաձեռնությանը, որն այսօր համախմբել է մարզի տաղանդավոր պատանիներին ու երիտասարդներին։ Հատկապես ողջունելի է փառատոնի ներառականությունը, ինչի վառ ապացույցն է ասորական համայնքի այսօրվա տպավորիչ մասնակցությունը։ Սա սիրո, բարության և մշակութային բազմազանության իսկական տոն է»,– ընդգծել է Կոտայքի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, մշակույթի ոլորտի պատասխանատու Մարի Հովակիմյանը։

Այս տարվա փառատոնն առանձնանում է իր բազմամշակութային ձևաչափով. ԵԱԴ-ն կարևորում է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ակտիվ ներգրավվածությունը՝ որպես միջմշակութային երկխոսության և հասարակական համերաշխության ամրապնդման հարթակ։ 2026 թվականի փառատոնին առաջին անգամ միացել է ասորական համայնքը՝ ներկայացնելով իր ուրույն մշակութային ժառանգությունը։

«Այսօրվա տեղեկատվական հեղեղի մեջ չափազանց կարևոր է ճիշտ և թիրախային հաղորդակցության միջոցով աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի յուրահատկությունն ու ազգային տոների խորքային փիլիսոփայությունը։ «Վարդավառ» փառատոնը հանրային կապերի տեսանկյունից հզոր հարթակ է, որը համաշխարհային մշակութային արժեք ներկայացնող Գառնիի և Գեղարդի համատեքստում բրենդավորում է Հայաստանը որպես հարուստ ավանդույթներով, բայց միևնույն ժամանակ երիտասարդական, դինամիկ ու բազմամշակութային երկիր։ Սփյուռքի և ՀՀ տարբեր համայնքների մասնակցությունն ու մշակութային խմբերի ներգրավվածությունը PR տեսանկյունից հստակ ուղերձ է առ այն, որ մշակութային ժառանգությունը կարող է դառնալ հասարակական համերաշխության և մշակութային երկխոսության լավագույն կամուրջ», -նշել է Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում