Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանը կանչվելու է արտաքին գործերի նախարարություն՝ բացատրություններ տալու վերջին օրերի կիբերհարձակումների վերաբերյալ, որոնցում ֆրանսիական կողմը ռուսական հետք է տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Նա նշել է, որ Եվրոպայում ռուսական հատուկ ծառայությունների կողմից իրականացվում է թվային միջավայրում դիվերսիաների և լրտեսության լայնածավալ արշավ։
Նրա խոսքով՝ թիրախների թվում են եղել պետական գերատեսչություններ, ընկերություններ և ծառայություններ մատուցող օպերատորներ։ Նպատակը եղել է «կամ տեղեկատվության ձեռքբերումը, կամ գործողությունների խափանումը, օրինակ՝ երկաթուղային ենթակառուցվածքների դեպքում, ինչպես դա տեղի ունեցավ Լեհաստանում»։ Արտաքին գործերի նախարարի պնդմամբ՝ ընդհանուր առմամբ այս արշավը ազդեցություն է ունեցել եվրոպական մոտ տասը երկրների վրա, այդ թվում՝ Ֆրանսիայի, սակայն նա չի հստակեցրել, թե հանրապետությանը կոնկրետ ինչ վնաս է հասցվել։
«Այսօր մենք հայտարարում ենք, որ առաջիկա օրերին կկանչենք Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանին, ինչպես նաև պատժամիջոցներ կսահմանենք ինը ֆիզիկական անձանց և չորս կազմակերպությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են այս կիբերշղթայի համար», - BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է նախարարը։
Բարոն նշել է, որ Ֆրանսիան կարողացել է հայտնաբերել այդ կիբերհարձակումները, քանի որ երկիրը «զգալիորեն ամրապնդել է իր պաշտպանությունը նմանատիպ կիբերհարձակումներից»։