Սուրեն Պապիկյանը հրապարակել է զինծառայողների մարզումների կադրեր «ՏՈՐՔ», «ՄԻՀՐ» և «Ատլանտ» համակարգերով
5 րոպեի ընթերցում
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը՝ ՀՀ բանակի զինծառայողների՝ «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով և հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերով մարզումների մասին։
Ռեպորտաժում նշվում է, որ վարժադաշտ է մտել «ՏՈՐՔ» հրետանային ինքնագնաց հաուբիցը, որը զինված ուժերի նոր համալրումներից է և արդեն մի քանի ամիս ընդգրկված է ուսումնական գործընթացում։
Մարտկոցի հրամանատար Գուրգեն Հայրապետյանը պատմել է, որ մասնագիտությամբ ճարտարապետ-կոնստրուկտոր է, սակայն պահեստազորի հավաքներին մասնակցելուց և նոր համալրվող զինատեսակները տեսնելուց հետո որոշել է թողնել քաղաքացիական աշխատանքը և պայմանագիր կնքել Պաշտպանության նախարարության հետ։
«Մեր լեռնային պայմաններում շատ հարմար օգտագործվող հրետանային միջոց է։ Որպես մարտկոցի հրամանատար՝ երկար ժամանակ աշխատելով այս տեխնիկայով՝ համարում եմ գերգերազանց։ Նմանատիպ տեխնիկաների ներմուծումը մեր բանակ իրականում մեծ հեղափոխություն էր մեզ համար»,- ասել է Հայրապետյանը։
Ռեպորտաժում նշվում է, որ անձնակազմը վարժադաշտում հերթականությամբ կատարում է առաջադրանքը․ զինծառայողները զբաղեցնում են նշանակված դիրքերը, տեխնիկան բերվում է պատրաստության վիճակի, իսկ գործողություններն իրականացվում են հստակ հաջորդականությամբ։
«ՏՈՐՔ» հրետանային ինքնագնաց հաուբիցը նախատեսված է հատուկ օբյեկտներ խոցելու, կրակային միջոցները ճնշելու և բազմաբնույթ կրակային առաջադրանքներ իրականացնելու համար։ Նշվում է, որ նոր սերնդի հրետանային համալիրի կառավարման հնարավորությունները թույլ են տալիս արագ արձագանքել իրավիճակի փոփոխություններին և բարձրացնել առաջադրանքների կատարման արդյունավետությունը։
Ժամկետային զինծառայող Կարպիս Ավետիսյանի խոսքով՝ տեխնիկան ավտոմատացված է և աշխատում է իներցիոն նավիգացիոն համակարգով։
«Բանակը բարելավվում է նորագույն տեխնիկաներով, առաջ ենք գնում, և մենք էլ դրանցից ոգեշնչվում ենք»,- ասել է նա։
Ժամկետային զինծառայող Հայկ Մխիթարյանն էլ նշել է, որ շուրջ 5 ամիս ուսուցանվում է որպես հաշվարկի հրամանատար։
«Ջանք չենք խնայում սովորելու համար, պատիվ եմ համարում ծառայել բանակում, ուսուցանվել այսպիսի տեխնոլոգիայի վրա»,- ասել է Մխիթարյանը։
Ռեպորտաժում ներկայացվում են նաև «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով մարզումները։ Նշվում է, որ համակարգի անձնակազմը մշակում է մարտավարական տարբեր իրավիճակներ՝ առաջադրանքի ստացումից մինչև դրա լիարժեք իրականացում։ Զինծառայողները հերթականությամբ կատարում են անհրաժեշտ գործողությունները՝ կատարելագործելով դիրքի զբաղեցման, առաջադրանքի մշակման և կատարման հմտությունները։
Ժամկետային զինծառայող Նարեկ Խաչատրյանի խոսքով՝ համակարգը կառավարվում է ավտոմատ եղանակով՝ մարտավարական համակարգի օգնությամբ։
«Ավտոմատացված համակարգերում ամեն ինչ կառավարվում է համակարգչով։ Որպես զինվոր՝ ես հպարտություն եմ զգում, որ մեր պետությունը համալրված է նորագույն, գերճշգրիտ տեխնոլոգիաներով»,- նշել է նա։
Ռեպորտաժում ընդգծվում է, որ «ՄԻՀՐ» համակարգը հնարավորություն է տալիս կրակային խնդիրներ կատարել նաև նեղ, ծանծաղուտ և դժվարանցանելի տեղանքներում։ Պարբերաբար անցկացվող պարապմունքները անձնակազմերին հնարավորություն են տալիս գործել տարբեր պայմաններում և արագ կողմնորոշվել փոփոխվող իրավիճակներում։
Ներկայացվել է նաև հայրենական արտադրության «Ատլանտ» հրթիռահրետանային համակարգը, որը ևս ուսումնական գործընթացի մաս է։ Ժամանակակից այս համակարգերը նախատեսված են հեռավոր թիրախներ խոցելու և տարբեր բարդության հրետանային առաջադրանքներ կատարելու համար։
Ռեպորտաժում նշվում է, որ «Ատլանտ»-ի գլխավոր առանձնահատկություններից մեկը անձնակազմի անվտանգությունն է․ համակարգը նախագծվել է այնպես, որ առաջադրանքների կատարման ընթացքում հնարավորինս նվազեցվի զինծառայողների ռիսկի ենթարկվելու հավանականությունը՝ միաժամանակ պահպանելով գործողությունների արդյունավետությունն ու արագությունը։
Ժամկետային զինծառայող Արմեն Պողոսյանի խոսքով՝ տեխնիկան պատրաստելուց հետո անձնակազմը հեռանում է դեպի թաքստոց, ստանում է կոորդինատներ և իրականացնում անհրաժեշտ գործողությունները։
Ռեպորտաժում ընդգծվում է, որ նորագույն սպառազինությամբ համալրված ստորաբաժանումներում ուսումնական գործընթացը շարունակական է, իսկ ժամանակակից սպառազինությունը կարևոր խթան է անձնակազմի բարոյահոգեբանական կայունության համար։