Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
8 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Փարիզում մասնակցել է «Վերափոխելով կրթությունը. գագաթնաժողով+4» (Transforming Education Summit +4) բարձր մակարդակի միջոցառմանը, որի առանցքում ճգնաժամային իրավիճակներում կրթության շարունակականության, ինչպես նաև հակամարտություններից, բնական աղետներից, տեղահանությունից և այլ արտակարգ իրավիճակներից տուժած երեխաների համար անվտանգ և որակյալ կրթության հասանելիության հարցերն էին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Միջոցառման շրջանակում Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ««Վերափոխելով կրթությունը» գագաթնաժողովի գլոբալ նախաձեռնությունների ձեռքբերումները և դրանց նշանակությունը 2030 թվականից հետո» խորագրով պանելային քննարկմանը և հանդես եկել ելույթով։
Ներկայացնելով Հայաստանի փորձը՝ նախարարը նշել է, որ հիմնարար ուսումնառությունը, զբաղվածության համար անհրաժեշտ հմտությունների զարգացումն ու հարատև կրթությունը մեկ ամբողջական քաղաքականություն են, որը սկսվում է վաղ մանկությունից և շարունակվում ամբողջ կյանքի ընթացքում։ Նա շեշտել է՝ ՀՀ Կառավարությունը կրթությունը հռչակել է «ռազմավարությունների ռազմավարություն», որի առաջնորդող գաղափարն է՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։
«Կրթությունը պետք է մարդուն պատրաստի ոչ միայն աշխատաշուկա մուտք գործելու, այլև փոփոխություններին հարմարվելու, հասարակական կյանքին իմաստալից մասնակցելու և արժանապատիվ կյանք կառուցելու համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է մինչև 2030 թվականն իրականացվող կրթական բարեփոխումները՝ առանձնացնելով ներառական և սովորողակենտրոն կրթության զարգացումը, կարողունակությունների վրա հիմնված պետական չափորոշչի ներդրումը, կյանքի հմտությունների և թվային գրագիտության զարգացումը, ինչպես նաև կրթության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները։ Նրա խոսքով՝ բարեփոխումների արդյունքներն արդեն արտացոլվում են նաև միջազգային գնահատումների ցուցանիշներում։
Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ անդրադարձել է կրթության թվային վերափոխմանն ու արհեստական բանականության կիրառմանը՝ նշելով, որ Հայաստանը փուլ առ փուլ անցում է կատարում ընդհանուր թվային գրագիտությունից դեպի դպրոցներում ԱԲ խորացված ուսուցում։ Այս համատեքստում նա անդրադարձել է ԱԲ սերունդ, STEP.ai կրթական ծրագրերին, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ ընդգծելով, որ դրանք ձևավորում են տեխնոլոգիական կրթության միասնական էկոհամակարգ։
Նախարարը կարևորել է նաև ԿԳՄՍ նախարարության և OpenAI-ի ընկերության համագործակցությունը, որի արդյունքում 2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի կրթական հաստատություններն ու բուհերը հասանելիություն կունենան ChatGPT Edu հարթակին։
«Կրթական բարեփոխումների հաջողությունը մեծապես կախված է ուսուցչի դերից։ Այդ նպատակով ընդլայնվում են ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավորությունները, բարելավվում են աշխատանքի պայմաններն ու վարձատրության համակարգը, ինչպես նաև խթանվում են ժամանակակից մանկավարժական և թվային կարողությունների զարգացումը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։
Անդրադառնալով կրթությունից աշխատաշուկա անցմանը՝ նա ներկայացրել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումները՝ կարևորելով դուալ կրթության ընդլայնումը, գործատուների ներգրավվածությունը և կրթական ծրագրերի համապատասխանեցումը տնտեսության փոփոխվող պահանջներին։ Այդ նպատակով Հայաստանը զարգացնում է մեծահասակների և ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները՝ հարատև կրթությունը դարձնելով առավել հասանելի։
Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ կրթության նպատակը չի սահմանափակվում միայն զբաղվածության ապահովմամբ։ Նրա խոսքով՝ կրթությունը պետք է նպաստի նաև խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմազանության նկատմամբ հարգանքի և սոցիալական պատասխանատվության արժեքների ձևավորմանը։
«Հայաստանի նախաձեռնությամբ 2026 թվականի հունիսի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առանց քվեարկության ընդունել է «Կրթություն հանուն խաղաղության բանաձևը»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը։
Պանելային քննարկման հաջորդ հատվածում նախարարն անդրադարձել է հարատև կրթության ընդլայնման ֆինանսավորման արդյունավետ մոդելներին և հավասար հասանելիության ապահովմանը՝ ընդգծելով, որ կրթության ֆինանսավորումը ոչ թե ծախս է, այլ երկարաժամկետ ներդրում՝ մարդկային կապիտալի, տնտեսական զարգացման, սոցիալական համախմբվածության և երկրի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ։ Վերջին տարիներին կրթության ոլորտի պետական ֆինանսավորման աճը հնարավորություն է տվել իրականացնել համակարգային բարեփոխումներ, զարգացնել ենթակառուցվածքները և ընդլայնել որակյալ կրթության հասանելիությունը։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կրթական միջավայրի արդիականացմանն ուղղված նախաձեռնությունները՝ առանձնացնելով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը։ Նա կարևորել է կրթական համակարգի վերափոխման ավելի լայն տեսլականը՝ նշելով, որ նոր կառուցվող կրթահամալիրները պետք է դառնան ոչ միայն ֆորմալ կրթության, այլև համայնքային զարգացման, մշակութային կյանքի և հարատև կրթության կենտրոններ։
Նախարարը ներկայացրել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որը միավորում է բարձրագույն կրթությունը, գիտությունը, նորարարությունն ու տնտեսությունը։
Անդրադառնալով առկա մարտահրավերներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել ներդրումները վաղ ուսումնառության, ներառական կրթության, ուսուցիչների զարգացման, մեծահասակների կրթության և թվային ենթակառուցվածքների ուղղություններով։ Կարևոր են նաև հանրային և մասնավոր հատվածների, միջազգային կազմակերպությունների, համայնքների և քաղաքացիական հասարակության միջև գործընկերության ընդլայնումը, ինչպես նաև տվյալահեն քաղաքականությունների իրականացումը, որոնք թույլ կտան գնահատել ոչ միայն ֆինանսավորման ծավալը, այլև դրա ազդեցությունը կրթության հասանելիության, ուսումնառության արդյունքների և զբաղվածության աճի վրա։
«Վերափոխելով կրթությունը. գագաթնաժողով+4»-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ անցկացվող բարձր մակարդակի միջազգային հարթակ է, որը միավորում է պետությունների ղեկավարներին, նախարարներին և միջազգային գործընկերներին՝ գնահատելու 2022 թվականի «Վերափոխելով կրթությունը» գագաթնաժողովի արդյունքները և արագացնելու կրթության ոլորտի բարեփոխումները՝ մինչև 2030 թվականը Կայուն զարգացման 4-րդ նպատակի (Որակյալ կրթություն) իրականացման ուղղությամբ։
Գագաթնաժողովի բացմանը ներկա են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամեդը և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ, Կայուն զարգացման 4-րդ նպատակի՝ «Որակյալ կրթություն» ղեկավար կոմիտեի համանախագահ Սիրիլ Ռամաֆոսան։