Հայաստան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրեական վարույթ

4 րոպեի ընթերցում

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրեական վարույթ

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

«Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում գործող մարզաառողջարարական համալիրներից մեկը համակարգված կերպով թերհայտարարագրում է իր գործունեությունից ստացված եկամուտները՝ էականորեն նվազեցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։

Ստացված տեղեկությունների իրացման նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները  մշակել, ձեռնարկել և իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ուսումնասիրվել են ընկերության գործունեությանն առնչվող էլեկտրոնային տվյալները, ներքին հաշվառման փաստաթղթերն ու գործունեության իրական ծավալներն արտացոլող տեղեկատվությունը։

Ձեռք բերված տվյալների համալիր ուսումնասիրության, վերլուծության և հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տվյալների հետ համադրման արդյունքում բացահայտվել են ընկերության հարկային հաշվառման և գործունեության իրական ծավալների միջև էական անհամապատասխանություններ։

Պարզվել է, որ 2023-2024 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամի հարկային պարտավորություն։

Սակայն բացահայտված փաստերն այսքանով չեն սահմանափակվել»,– մանրամասներ են հայտնում ՊԵԿ-ից։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նաև, որ հարկային բեռը նվազեցնելու նպատակով ընկերության գործունեության մի մասը ձևականորեն իրականացվել է նախկին աշխատակիցների անուններով գրանցված իրավաբանական անձանց միջոցով, որոնք գործել են հարկման հատուկ համակարգում։ Այդ մեխանիզմի կիրառման արդյունքում շուրջ 158 միլիոն դրամի շրջանառություն դուրս է մնացել ընկերության կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկներից, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել ևս 17 միլիոն դրամից ավելի հարկային պարտավորություն։

Բացահայտված խախտումների հետևանքով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 849 միլիոն դրամ։ Ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, և իրականացվում է նախաքննություն։

«Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականորեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության բոլոր դրսևորումների դեմ։ Հարկերից խուսափելուն ուղղված յուրաքանչյուր սխեմա ենթակա է բացահայտման, իսկ օրենքը շրջանցելու յուրաքանչյուր փորձ՝ իրավական գնահատականի»,– եզրափակվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունը։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում