Դանիայի վարչապետը Թրամփի մեկնաբանություններից հետո հայտարարել է Գրենլանդիան պաշտպանելու պատրաստակամության մասին
2 րոպեի ընթերցում

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Անկարայում ՆԱՏՕ-ի լիագումար նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է թագավորության տարածքը, այդ թվում՝ նրա կազմի մեջ մտնող Գրենլանդիան պաշտպանելու պատրաստակամության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews-ը։
«Մենք պատրաստ ենք պաշտպանելու ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դյույմը, ներառյալ մեր սեփական տարածքը», - լրագրողներին ասել է Ֆրեդերիկսենը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Դանիան պատրաստ է պաշտպանելու պետության տարածքը զինված հարձակման դեպքում։
Նա հավելել է, որ ակնկալում է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներից հարգել իրենց հավաքական պաշտպանության պարտավորությունները։
Ֆրեդերիկսենը շեշտել է, որ կղզին չի վաճառովում։
«Ես երեկ լսեցի ԱՄՆ նախագահին, և կարծում եմ, որ ԱՄՆ դիրքորոշումը, ցավոք, շատ հստակ է այս թեմայի վերաբերյալ։ Մեր դիրքորոշումը նույնքան հստակ է, որքան միշտ. Գրենլանդիան, իհարկե, վաճառքի ենթակա չէ», - ասել է նա։
Նախօրյակին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ժամանելով Անկարա ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովին, կրկին հայտարարել էր, որ կցանկանար, որ ԱՄՆ-ն վերահսկողություն ստանար Գրենլանդիայի նկատմամբ։
Ֆրեդերիկսենը հույս է հայտնել, որ բոլորը, այդ թվում՝ Կոպենհագենի դաշնակիցները, «կհարգեն Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։
Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենն, ի լրումն ՆԱՏՕ-ի գծով դաշնակցային պարտավորությունների, ստորագրել են պայմանագիր Գրենլանդիայի պաշտպանության մասին։ Դրան համապատասխան ԱՄՆ-ն պարտավորվություն է ստանձնել պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից: