Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

4 րոպեի ընթերցում

Հուլիսի 11-ին՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, և հուլիսի 12-ին՝ Երևանի սրտում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, երաժշտասեր հանրությանը կներկայացվի «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը՝ նվիրված աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական ժառանգությանն ու աշխարհին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։

Նախագծի հեղինակն է ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը, որը ստեղծագործությունն իրականացրել է վիդեոնկարիչ Մարկ դը Պիեռֆյոյի հետ համագործակցությամբ։ Երաժշտական, գրական և տեսողական այս բազմաշերտ ստեղծագործությունը ոգեշնչված է Փարաջանովի ինքնատիպ ստեղծագործական աշխարհից։

Ներկայացման ընթացքում բեմ կբարձրանան ֆրանսիական Musicatreize անսամբլի տասներկու վիրտուոզ երգիչները՝ դիրիժոր Ռոլան Հայրաբեդյանի ղեկավարությամբ։ Ստեղծագործության երաժշտական հատվածը հիմնված է Փարաջանովի կինեմատոգրաֆիական մտածողության և ստեղծագործական տեխնիկաների վրա՝ անիմացիոն կոլաժներով, երգչախմբային հնչողությամբ և կոմպոզիտորի ձայնի ուղեկցությամբ։ Ներկայացման մեջ ներառված են Փարաջանովի ֆիլմերի վերնագրերն ու նամակները, ինչպես նաև Ժան-Լյուկ Գոդարի, Ֆեդերիկո Ֆելինիի, Սայաթ-Նովայի և հենց հեղինակի տեքստերը, որոնք հնչում են հայերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներով։

«Փառերգել Փարաջանովին» նախագիծը երաժշտության, խոսքի և տեսողական արվեստի միջոցով յուրահատուկ հարգանքի տուրք է Սերգեյ Փարաջանովին՝ արվեստագետ, որն ասում էր. «Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով»։

Միշել Պետրոսյանը ֆրանսահայ կոմպոզիտոր, գրող և հետազոտող է, որի ստեղծագործությունը միավորում է երաժշտությունը, գրականությունը, պատմությունն ու հին քաղաքակրթությունների ժառանգությունը։ Նա «Թագուհի Էլիզաբեթ» միջազգային կոմպոզիտորական մրցույթի գլխավոր մրցանակակիրն է, հեղինակ՝ բազմաթիվ սիմֆոնիկ, վոկալ, օպերային և կինոերաժշտական գործերի, որոնք հնչել են աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Միշել Պետրոսյանի արվեստն առանձնանում է մշակութային բազմաշերտությամբ, ինքնատիպ երաժշտական լեզվով և պատմական թեմաների խորքային մեկնաբանությամբ։

Ռոլան Հայրաբեդյանը ժամանակակից վոկալ երաժշտության ամենանշանավոր դիրիժորներից մեկն է Ֆրանսիայում։ Նա հանրահայտ Musicatreize անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։ Համագործակցել է եվրոպական առաջատար նվագախմբերի, անսամբլների, կոմպոզիտորների և բեմադրիչների հետ։ Հայրաբեդյանը հայտնի է հատկապես ժամանակակից երաժշտության հանդեպ իր նվիրվածությամբ և հարյուրավոր ստեղծագործությունների առաջին կատարումներով։

Մարկ դը Պիեռֆյոյը Փարիզում բնակվող կինոռեժիսոր և վիզուալ արտիստ է։ Նրա ստեղծագործական գործունեությունը ներառում է բազմաթիվ վավերագրական և երաժշտական ֆիլմեր, ինչպես նաև Ֆյոդոր Դոստոևսկու «Մեծ ինկվիզիտոր» ստեղծագործության հանրահայտ կինոադապտացիան։ Արվեստագետն իր ստեղծագործություններում ուսումնասիրում է երաժշտության, գրականության և մարդկային փորձառության հատվող ոլորտները։

Միջազգայնորեն հանրահայտ Musicatreize անսամբլը հիմնադրվել է 1987 թվականին։ Այսօր այն ստեղծագործական նորարարությանը և ժամանակակից երաժշտությանը նվիրված համաշխարհային ճանաչում ունեցող երգչախումբ է։ Ավելի քան 300 ստեղծագործությունների հեղինակային պատվերներով անսամբլը դարձել է վոկալ արվեստի կարևոր կենտրոններից մեկը՝ հայտնի իր համարձակ ծրագրերով, կոմպոզիտորների հետ սերտ համագործակցությամբ և միջերկրածովյան ոգով ձևավորված ինքնատիպ գեղարվեստական դիմագծով։

Հայերեն

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել

Նորվեգիան 300 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարիքների համար