«Սերմից՝ սեղան». ինչպես է «Երեմյան» ֆերմայում ձևավորվում կաթի արտադրության ամբողջական շղթան
5 րոպեի ընթերցում
Բազմիցս լսել եք «Սերմից՝ սեղան» արտահայտությունը. սա մի հայեցակարգ է, որը դրած է «Երեմյան» ընկերության հիմքում, առաջին հայացքից թվում է շատ պարզ ու թեթև գործընթաց, բայց այս փոքր արտահայտության հետևում ահռելի մեծ, պատասխանատու, չդադարող աշխատանք է, իսկ թե ինչպես է սկսվում ու ավարտվում այդ շղթան պարզել են լրագրողները «Երեմյան» ֆերմա այցի ընթացքում:
«Սերմից՝ սեղան» եզակի ճանապարհորդությունը սկսվում է բարձրակարգ սերմը բերրի հողի մեջ դնելուց: Ճիշտ սնուցման և խնամքի արդյունքում՝ այն վերածվում է սննդարար առվույտի և եգիպտացորենի:
«Մենք այժմ գտնվում ենք ֆերմային հարակից դաշտերում, որտեղ աճեցնում ենք մեր անասնակերը։ Այս տարի փորձնական ցանք ենք իրականացրել գարու դաշտերում, և ակնկալում ենք լավ արդյունքներ։ Այստեղ են նաև եգիպտացորենի դաշտերը, որոնց բերքով ամբողջությամբ կհամալրենք մեր սիլոսի պաշարները։ Այս տարի ցանել ենք 420 հեկտար եգիպտացորեն, ինչպես նաև 500 հեկտար աշնանացան գարի և ցորեն։ Այդ բերքը լիովին կապահովի մեր կենդանիների կերի պահանջարկը։ Նախորդ տարիների համեմատ եղանակային պայմաններն ավելի բարենպաստ էին, ինչի շնորհիվ կարողացանք ամբողջությամբ իրականացնել ցանքսը։ Այժմ սպասում ենք բերքահավաքին, որը նախատեսվում է սեպտեմբերին»,- ասաց «Երեմյան» ընկերությունների խմբի Գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը:
Ժամանակակից սիլոսացման տեխնոլոգիան օգտագործելով՝ կանաչ անասնակերը փաթեթավորվում է, որը թույլ է տալիս այն նույն սննդայնությամբ և թարմությամբ պահել մոտ երկու տարի։ Այսպիսով՝ կենդանիները ամբողջ տարին ստանում են բարձրորակ կեր՝ նույն սննդային արժեքով, որի արդյունքում տալիս են անարատ, վիտամիններով հարուստ, առողջարար կաթ։
Իսկ Եվրոպայից բերված տոհմային կովերը պահվում են խելացի ֆերմայում, որտեղ ստանում են ամենօրյա խնամք և ուշադրության:
«Տավարաբուծական ֆերմայի երեք մասնաշենքերում պահվում են կովերը, իսկ առանձին հատվածում՝ նորածին հորթերը։ Հետագայում դրանք տեղափոխվում են աճեցման գոտի, և ամբողջ գործընթացն իրականացվում է հենց այստեղ։ Ֆերմայում կա շուրջ 1500 գլուխ կով, ինչպես նաև հորթեր և երինջներ։ Գործում են ավտոմատ սկրեպերներ, որոնք իրականացնում են գոմաղբի հեռացումը, օդափոխության և հովացման համակարգեր, որոնք ավտոմատ միանում են, երբ ջերմաստիճանը բարձրանում է սահմանված մակարդակից, որպեսզի կենդանիները լինեն հարմարավետ պայմաններում։ Ավտոմատացված է նաև կերակրման գործընթացը, ինչը նվազեցնում է մարդկային գործոնի ազդեցությունը»,- ասաց նա:
Ֆերմայում յուրաքանչյուր կենդանուն ցուցաբերվում է անհատական մոտեցում ՝ հավաքագրելով ամբողջական տեղեկատվություն նրա առողջության մասին։ Ըստ այդմ՝ կարգավորվում է նրանց սնուցումը, կանխվում են հիվանդությունները և ապահովվում է կենդանիների առողջությունը
Հաջորդ կարևոր գործընթացը կիթն է, որն իրականացվում է ավտոմատացված. ֆերմայում 40 տեղանոց շրջանաձև կիթի ժամանակակից համակարգը միջինում կթում է ժամում 250 կով։ Փակ շղթայի սառնարանային համակարգի հետ զուգակցմամբ՝ կաթի որակական բոլոր հատկանիշները պահպանվում են:
«Մենք միակ ընկերությունն ենք Հայաստանում, որն ունի FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատ։ Սա նշանակում է, որ համապատասխանում ենք սննդի անվտանգության ոլորտի ամենախիստ միջազգային չափանիշներին և ապահովում ենք բարձրորակ, անարատ և 100 տոկոս բնական կաթնամթերքի արտադրություն։ Այս սերտիֆիկատը միանգամյա չէ և ամեն տարի անցկացվում է աուդիտ, որի ընթացքում վերահաստատվում է մեր համապատասխանությունը սահմանված չափանիշներին։ Բացի այդ, «Երեմյան» կաթնամթերքը Հայաստանում միակն է, որն ունի մանկական կաթի վկայական։ Սա նշանակում է, որ մեր արտադրանքը անվտանգ է և նախատեսված է նաև երեք տարեկանից բարձր նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների օգտագործման համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Երեմյան» ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը:
Ֆերմայից ստացված թարմ կաթը առաջինը գնում է գործարանային լաբորատորիա, որտեղ անցնում է կարևոր փուլեր՝ ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և օրգանոլեկտիկ հետազոտություններ: Պատրաստի արտադրանքը ևս անցնում է մի շարք լաբորատոր և փորձագիտական կարևոր հետազոտություններ։
Վերջնական ստուգումներից հետո էկոլոգիապես մաքուր, անվտանգ և վերամշակվող ապակյա տարաներով կաթնամթերքը հատուկ բեռնատարներով, որոնցում պահպանվում է կատարյալ ջերմաստիճան, տեղափոխվում է Երևանի սուպերմարկետներ և խանութներ: