Հայաստան

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը

9 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևան և Գյումրի համայնքներում ՀՀ կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Երևանում և Գյումրիում առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք ամրագրված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, բխում են վարչապետի հանձնարարականներից և ունեն Կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցության կարիքը:

Մինչ խնդիրների և առաջարկվող լուծումների ներկայացումը, վարչապետն իր խոսքում նշել է.

«Իհարկե, 2026 թվականի նախընտրական քարոզարշավից առաջ էլ այդ թեմայով խոսել ենք, բայց նախընտրական քարոզարշավի շրջանակում շրջայցերի ընթացքն ավելի ակնհայտ  դարձրեց, որ Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումներն ավելի հասցեական դարձնելու և որոշակի կոնկրետ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն ունենք: Սա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ թե՛ Երևանի, թե՛ Գյումրիի կառավարման գործընթացների առանձնահատկությունների բերումով 2018 թվականից ի վեր, այնուամենայնիվ, որոշակի ժամանակ է կորսվել, և այդ կորսված ժամանակը լրացնելու համար որոշակի ակտիվություն է ակնկալվում Կառավարության կողմից»: 

Երկրի ղեկավարը հավելել է, որ այս համատեքստում հանձնարարական է տվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Երևանի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ համատեղ աշխատանքներ իրականացնել, որպեսզի ավելի կոնկրետ պատկերացում լինի, թե ինչ ծրագրեր պետք է կյանքի կոչվեն Երևանում և Գյումրիում նշված խնդիրն ավելի արդյունավետ ձևով լուծելու համար:

Հաջորդիվ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է Երևան քաղաքում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը և դրանց փուլային իրականացմանն ուղղված քայլերը:

Նախ` ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում առանձնացված այն ծրագրերը, որոնք առաջիկա տարիներին կարող են ունենալ ամենամեծ ազդեցությունը կյանքի որակի, քաղաքային ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման վրա: Այդ համատեքստում, ընդգծվել է 24-ժամյա ջրամատակարարման ապահովման խնդիրը, ընդգծվել է առկա ենթակառուցվածքների զգալի մաշվածության, ջրի կորստի բարձր մակարդակի և ջրի անբավարարության խնդիրը: Ներկայացվել է, որ կորուստների նվազեցման նպատակով անհրաժեշտ է ներդրումներ իրականացնել նոր ջրաղբյուրների ներգրավման, համակարգի արդիականացման ուղղությամբ:

Տարեկան մինչև 50 կմ երկարությամբ ճանապարհաշինության աշխատանքների մասով զեկուցվել է, որ վարչապետի հանձնարարությամբ այն ներառվել է ՏԿԵՆ-ի կողմից իրականացվող 500 կմ ճանապարհաշինական ծրագրերի ցանկում, արդեն իսկ ընթացքում են 2027 թվականի համար 50 կմ հիմնանորոգման նպատակով ճանապարհային հատվածների նույնականացման և պլանավորման աշխատանքները, իսկ 2026 թվականի համար նախատեսվում են միջին նորոգման աշխատանքներ: 

Անդրադարձ է կատարվել նաև Հանրային ներդրումային կոմիտեի 8-րդ նիստում հաստատված մետրոպոլիտենի զարգացման և արդիականացմանն ուղղված ծրագրերին, այդ թվում՝ կայարանների կառուցում, էլեկտրական քաղաքային լուծումներ և շարժունակության խթանում:

«Կոնդ» թաղամասի քաղաքաշինական միջավայրի արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետիոտնային և ավտոմոբիլային ճանապարհների և ինժեներական ենթակառուցվածքների կառուցում, արտաքին լուսավորության, կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ։ Նախատեսվում է մեկնարկել նախագծային և վերակառուցվող հատվածների իրացման գործընթացները:

Մանրամասներ են ներկայացվել նաև առաջնահերթ լուծում և ֆինանսավորում պահանջող ներդրումային այլ ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ կամրջային կառուցվածքների վերականգնում, ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի, վերելակային տնտեսության արդիականացում, ճանապարհային որոշակի հանգույցների կառուցում և այլն: Առաջարկություններ են ներկայացվել նաև ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ, որոնք կարևոր նշանակություն ունեն քաղաքի հետագա զարգացման տեսանկյունից: 

Հաջորդիվ՝ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է Գյումրի քաղաքում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը:

Նախ` ներկայացվել է 24-ժամյա ջրամատակարարման ապահովման խնդիրը, ընդգծել է, որ առկա է 24-ժամյա ջրամատակարարում, սակայն ծանրաբեռնված օրերին տեղի են ունենում պարբերական անջատումներ։ Անհրաժեշտ է իրականացնել ջրամատակարարման համակարգերի արդիականացման ծրագիր:

Զբոսաշրջային կլաստերի ստեղծման շրջանակում «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով Գյումրիում իրականացվել է շուրջ 6․6 մլրդ դրամի ներդրում: «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրով» նախատեսվում է  իրականացնել ևս 16․5 մլն դոլարի ներդրում՝ զբոսաշրջային կլաստերի զարգացման ուղղությամբ։ Այս մասով առաջարկվում է ծրագրում ներառել Հաղթանակի զբոսայգու, կենտրոնական շուկայի և Մանուշյան փողոցում գտնվող շատրվանի հիմնանորոգման ծրագրերը, որոնք կնպաստեն քաղաքի համաչափ զարգացմանը։

Հաջորդ խնդիրը վերաբերել է տնակների հարցի վերջնական լուծմանը: Ներկայացվել է, որ 01.07.2026թ. դրությամբ Գյումրիում առկա է 2465 տնակ: Նշվել է, որ նախնական գնահատականներով՝ դրանցում բնակվող մոտ 596 ընտանիքի նկատմամբ Կառավարությունն ունի այս կամ այն ձևով փոխհատուցման պարտավորություն: Այս մասով կարևորվել է նաև փոխհատուցման տրամադրման և տնակների փաստացի ապամոնտաժման փոխկապակցված գործուն մեխանիզմների ներդրումը, որպեսզի տնակների խնդիրը վերջնական լուծում ստանա:

Ինչ վերաբերում է Անի և Ավստրիական թաղամասների 37 փողոցների ամբողջական հիմնանորոգման հարցին, նշվել է, որ ներկայումս ընթանում են նախագծման աշխատանքներ։ Առաջարկվում է զուգահեռ բարեկարգել նաև բակային հատվածները, կառուցել խաղահրապարակներ, մինի ֆուտբոլի դաշտեր և անցկացնել լուսավորության ցանց։

Առնակ Ավետիսյանը ներկայացրել է, որ ՏԿԵՆ-ի կողմից իրականացվող 500 կմ ճանապարհաշինական ծրագրերի ցանկում են ներառված նաև Գյումրիում տարեկան 25 կմ ճանապարհաշինական աշխատանքները: Ըստ այդմ՝ Գյումրի քաղաքի 180 կմ ճանապարհներից մոտ 70 կմ նախկինում հիմնանորոգվել են, իսկ մնացած մոտ 110 կմ խիստ անբարեկարգ վիճակում են։ Նշվել է, որ Գյումրիում տարեկան 25 կմ ճանապարհաշինությանն ուղղված պլանավորման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Գյումրիում վթարային շենքերի խնդրին, նշվել է, որ առկա են մի քանի վթարային շենքեր, որոնց մասով տարբերակված մոտեցումների անհրաժեշտություն կա՝ հաշվի առնելով դրանցից որոշների պատմամշակութային նշանակությունը: Ներկայացվել է նաև Ալեք Մանուկյան փողոցի կամուրջի նորոգման հարցը, նշվել է, որ 25 կմ ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջարկվում է նաև դիտարկել քաղաքի 2 բանուկ մասերն իրար կապող միակ խիտ երթևեկությամբ կամուրջը, որը կարևոր նշանակություն ունի քաղաքի համար։ Անդրադարձ է կատարվել նաև Գյումրու ավտոկայանի կառուցման խնդրին։

Քննարկման շրջանակում ներկայացվել են որոշ դիտարկումներ՝ Երևանում և Գյումրիում առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ:

Անդրադառնալով բարձրացված հարցերին և առաջարկվող լուծումներին՝ վարչապետն ընդգծել է, որ ներկայացված բոլոր ծրագրերն էլ ըստ ընթացակարգերի պետք է իրականացվեն, սակայն անհրաժեշտ է նախ հրատապ կերպով կենտրոնանալ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում