Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան

5 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպը» հայտարարում են «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակում 2027-2028 մրցաշրջանից Երևանում իր գործունեությունը կսկսի Sport Lisboa e Benfica պորտուգալական հանրաճանաչ ակումբի պաշտոնական ակադեմիան։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Նախագիծը կյանքի կկոչվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տարածքում, որի մի հատվածը ՀՖՖ-ն երկարաժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպ» ՍՊԸ-ին՝ «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագծի իրականացման նպատակով։ Այս որոշումը պայմանավորված է նախաձեռնության բացառիկ մասշտաբով և հայկական ֆուտբոլի զարգացման համար դրա ռազմավարական նշանակությամբ, ինչպես նաև այն փաստով, որ SL Benfica-ի ակադեմիան աշխարհի առաջատար ֆուտբոլային ակադեմիաներից մեկն է։

«Բենֆիկա Ակադեմիա Հայաստանը» SL Benfica-ի միջազգային ակադեմիաների ցանցում կլինի ընդամենը երրորդ նմանատիպ զարգացման կենտրոնը, որը ներդրումային ծավալներով, ենթակառուցվածքային համալրվածությամբ և նախատեսվող շուրջ 1000 սաներով համադրելի է ակումբի մինչ այժմ իրականացրած խոշորագույն միջազգային ակադեմիական նախագծերին։  

Այս նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի երկարաժամկետ ռազմավարությանը, որի առանցքային ուղղություններից են մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, միջազգային լավագույն փորձի ներդրումը, մարզչական կրթության կատարելագործումը և Հայաստանում ժամանակակից ֆուտբոլային ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործումը։  

Համաձայն կողմերի պայմանավորվածության, «Բենֆիկա Ակադեմիա Հայաստանի» գործունեության մեկնարկից առաջ նախատեսվում է իրականացնել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացում։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է հիմնանորոգել վեց ֆուտբոլային խաղադաշտ, տեղադրել երկու նոր արհեստական խոտածածկով խաղադաշտ, արդիականացնել մարզադաշտը, ամբողջությամբ փոխարինել լուսավորության համակարգը, մարզումային բոլոր խաղադաշտերն ապահովել լուսավորությամբ, վերակառուցել մարզասրահն ու հանդերձարանները, ինչպես նաև ստեղծել նոր հարմարավետ տարածքներ մարզիկների և ծնողների համար։ Հաջորդ փուլում նախատեսվում է կառուցել նոր բազմաֆունկցիոնալ համալիր, որը կներառի կացարանային, կրթական, առողջության պահպանման և մարզական արդյունավետության բարձրացման գոտիներ, համաժողովների սրահներ և բարձրակարգ մարզական միջավայր ապահովող այլ ենթակառուցվածքներ։  

Ակադեմիան իր գործունեությունը կմեկնարկի շուրջ 1000 պատանի ֆուտբոլիստներով՝ 4-ից 17 տարեկան տարիքային խմբերում։ Ծրագիրը կիրականացվի «Բենֆիկա»-ի տեխնիկական վերահսկողությամբ և մեթոդաբանությամբ՝ ապահովելով մարզիչների շարունակական վերապատրաստում, խաղացողների զարգացման միասնական համակարգ և միջազգային լավագույն փորձի փոխանցում հայ մասնագետներին։  

«Մենք վստահ ենք, որ նմանօրինակ ռազմավարական ներդրումները զգալիորեն կնպաստեն հայկական ֆուտբոլի մրցունակության բարձրացմանը, երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման նոր հնարավորությունների ստեղծմանը և Հայաստանի դիրքերի ամրապնդմանը տարածաշրջանային ֆուտբոլային քարտեզի վրա։  

 «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագիծը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանում միջազգային մակարդակի ֆուտբոլային միջավայր ձևավորելու ուղղությամբ և արտացոլում է ՀՖՖ-ի հետևողական քաղաքականությունը՝ հայկական ֆուտբոլի զարգացման համար ներգրավելու աշխարհի առաջատար ֆուտբոլային կազմակերպությունների փորձն ու գիտելիքը։  

Վստահ եմ, որ այս համագործակցությունը կարևոր արժեք կստեղծի հայկական ֆուտբոլի համար և կնպաստի նրան, որպեսզի Հայաստանը աստիճանաբար դառնա տարածաշրջանում ֆուտբոլային կրթության և տաղանդների զարգացման առաջատար կենտրոններից մեկը», - նշել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ

Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Ռուսաստանը Հայաստանին առաջարկ է ներկայացրել նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ

ԵՄ-ն և Հայաստանը Երևանում անցկացրել են մարդու իրավունքների շուրջ 15-րդ երկխոսությունը