Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
2 րոպեի ընթերցում

Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում կարող է Ռուսաստանին վառելիք մատակարարել. դրա ներուժը կա, մամուլի ասուլիսում հայտարարել է Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարար Հարդիպ Սինգհ Պուրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«(Խմբ.՝ Ռուսաստանին վառելիքի մատակարարման) ներուժ կա, եթե անհրաժեշտություն առաջանա», - ասել է նախարարը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Նյու Դելին վառելիք է մատակարարում Ռուսաստանին։
Նա ընդգծել է, որ նավթավերամշակման ծավալներով Հնդկաստանն աշխարհում չորրորդն է:
«Դա կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը», - հավելել է Պուրին։
Նրա խոսքով՝ Հնդկաստանը չի դադարեցրել նավթամթերքի արտահանումն այլ երկրներ։
«Մենք երբեք չենք դադարեցրել արտահանումը, նույնիսկ ճգնաժամերի ժամանակ, և մենք կշարունակենք դա», - ընդգծել է պաշտոնյան։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ռուսաստանը կուտակել է վառելիքի բավարար ծավալներ ներքին շուկան մատակարարելու համար, սակայն իրարանցումային վիճակը հանգեցրել է պահանջարկի աճի մոտ 20-30%-ով։ Այնուամենայնիվ, Նովակի խոսքով, «լոգիստիկ համակարգերը ներկայում վերակառուցվում են կարիքները բավարարելու համար», և դա որոշ ժամանակ կպահանջի։ Նա նաև հայտարարել է, որ արտադրողների համար կարող է դիզելային վառելիքի արտահանման արգելք սահմանվել՝ «ներքին շուկան ավելի շատ լցնելու համար»։
Հունիսի 30-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ եթե համաձայնություններ ձեռք բերվեն մատչելի գնով վառելիք ներմուծելու վերաբերյալ, ապա դա կլինի շուկայի կայունացման ուղղությամբ ևս մեկ քայլ։ Նա չէր նշել, թե Մոսկվան որ երկրների հետ է բանակցություններ վարում վառելիքի հնարավոր ներմուծման վերաբերյալ։
Ռուսաստանի մի շարք շրջաններում Ուկրաինայի կողմից նավթավերամշակման օբյեկտների թիրախավորման ֆոնին ՌԴ-ում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են գործում։