Մարզեր

Ճանապարհներ, մանկապարտեզներ, գազաֆիկացում․ Չարենցավանում իրականացվող ծրագրերը նոր թափ են հաղորդում համայնքի զարգացմանը

4 րոպեի ընթերցում

Ճանապարհներ, մանկապարտեզներ, գազաֆիկացում․ Չարենցավանում իրականացվող ծրագրերը նոր թափ են հաղորդում համայնքի զարգացմանը

Չարենցավանում շարունակվում են ենթակառուցվածքների բարելավման լայնածավալ աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում են ճանապարհների հիմնանորոգում, մանկապարտեզների արդիականացում և գազաֆիկացման նոր նախաձեռնություններ, որոնք աստիճանաբար փոխում են համայնքի դիմագիծն ու բարելավում բնակիչների առօրյան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կառավարության կայքում հրապարակված տեսանյութում։

Չարենցավանի Խորենացի և Ռուսալ թաղամասերը կապող գլխավոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Մոտ 1,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածը վերակառուցվում է սուբվենցիոն ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 133 միլիոն դրամ։ Ծրագիրը իրականացվում է Կառավարության և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ։

Տեղի բնակիչ Վարուժան Խաչատրյանը, որն արդեն երկու տարի է մշտական բնակություն է հաստատել Չարենցավանում, նշում է, որ քաղաքում կատարվող փոփոխությունները զգալի են։

 «Առաջին անգամ այստեղ եղել եմ մոտ 30-35 տարի առաջ։ Այսօր Չարենցավանը շատ է փոխվել, բարեկարգվել է, և փոփոխությունները տեսանելի են նույնիսկ կարճ ժամանակահատվածում»,- ասում է նա։

Շինարարական աշխատանքների ընթացքը որոշ չափով բարդացել է եղանակային պայմանների պատճառով։ Շինարար Աշոտ Բասենցյանի խոսքով՝ տեղատարափ անձրևները որոշ հատվածներում վնասել են արդեն կատարված աշխատանքները, ինչի հետևանքով անհրաժեշտ է եղել կրկնակի միջամտություն։

Չարենցավանում վերջին տարիներին ակտիվացել է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը։ Համայնքի առաջին տեղակալ Սևակ Վարդանյանի խոսքով՝ եթե նախկինում հիմնականում փոքր ծրագրեր էին իրականացվում, ապա 2024 թվականից համայնքը սկսել է մասնակցել ավելի խոշոր նախագծերի, որոնք արդեն փուլ առ փուլ կյանքի են կոչվում։

Խոշոր ծրագրերից են նաև երկու մանկապարտեզների հիմնանորոգումները՝ ընդհանուր շուրջ 693 միլիոն դրամ բյուջեով։ Դրանցից «Ծիծեռնակ» մանկապարտեզի վերանորոգված մասնաշենքն արդեն պատրաստ է, ստացվել է անհրաժեշտ գույքը, և ավարտվում են երեխաների ընդունման նախապատրաստական աշխատանքները։

Մանկապարտեզի տնօրեն Լուսինե Ազարյանը նշում է, որ հաստատությունը լիովին նոր պայմաններով է սկսում աշխատանքը։

«Գույքն էլ է նոր, հարդարանքն էլ է նոր։ Ամեն ինչ նոր է, և մենք սկսում ենք նոր էջից»,- ասում է նա։

Կառավարության և համայնքի համաֆինանսավորման շրջանակում ներդրումների հարաբերակցությունը կազմում է 70/30 տոկոս։

Միաժամանակ համայնքը ներկայացրել է նաև նոր նախաձեռնություններ։ Սևակ Վարդանյանի խոսքով՝ արդեն դրական եզրակացություն է ստացել երկու թաղամասերի գազաֆիկացման ծրագիրը, որն այժմ գտնվում է գնումների գործընթացում։

Ամբողջությամբ ավարտվել են նաև «Լուսաբաց» մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Այժմ սպասվում է գույքի մատակարարումը, որից հետո հաստատությունը կսկսի ընդունել երեխաներին։

Մանկապարտեզի երկարամյա աշխատակից Ալբերտ Իսրայելյանը, որը շուրջ երեք տասնամյակ աշխատում է հաստատությունում, նշում է, որ փոփոխությունները մեծ են եղել։

«Մտածում էի աշխատանքից դուրս գալ, բայց երբ տեսա նոր պայմանները, որոշեցի մնալ ու շարունակել աշխատանքս»,- ասում է նա։

Նախկինում մանկապարտեզը աշխատում էր իր հնարավորությունների միայն փոքր մասով, սակայն վերանորոգումից հետո այն արդեն հնարավորություն կունենա ընդունելու ավելի քան 300 երեխա։

Լուսինե Ջալալյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում