Հայաստան

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները:

«Հիշեցվել է, որ Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստի շրջանակում որոշվել էր ստեղծել ջրածնի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որը պետք է աշխատանքներ իրականացներ կանաչ ջրածնի ոլորտի զարգացման, դրա առավելությունների, արտադրության մեթոդների և տեխնոլոգիաների բացահայտման ուղղությամբ: Ընդգծվել է, որ սույն խորհրդակցության նպատակը Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման շուրջ աշխատանքային խմբի  և խորհրդատվական ընկերությունների ուսումնասիրությունների արդյունքում մշակված առաջարկների վերաբերյալ քննարկում իրականացնելն է»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Հաջորդիվ՝ ներկայացվել է կանաչ ջրածնի զարգացման իրավական շրջանակը, կիրառման ոլորտները, անդրադարձ է կատարվել երկարաժամկետ ռազմավարական լուծմանը, որն ուղղված է լինելու էներգետիկ համակարգի ածխածնազերծմանը, արտանետումների կանխարգելմանը, կանաչ տաքսոնոմիայի պահանջներին և այլն: Մանրամասներ են ներկայացվել կանաչ ջրածնի արտադրության ծրագրային առաջարկների, մասնավորապես՝ «BDO ADVISORY» և «CIVITTA» խորհրդատվական ընկերությունների կողմից կանաչ ջրածնի արտադրության և ինտեգրման վերաբերյալ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև կանաչ ջրածնի արտադրության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ սցենարներին:

Ներկայացված ուսումնասիրությունների և առաջարկների շուրջ ծավալվել է քննարկում, ներկայացվել են դիտարկումներ էներգետիկ փոխակերպման մեջ կանաչ ջրածնի արտադրության մեթոդների շուրջ:

Վարչապետը կարևորել է աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերությունների կողմից տրամադրված ուսումնասիրությունները, ընդգծել գիտական համայնքի հետ համագործակցությամբ և միջազգային փորձի ներդրմամբ կանաչ ջրածնի արտադրության պիլոտային ծրագրի իրականացման անհրաժեշտությունը։ Երկրի ղեկավարը հանձնարարել է առաջիկայում ներկայացնել զեկույց՝ պիլոտային ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում