Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանում աջակցում են Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության գաղափարին՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Press TV-ն։
Ըստ հրապարակման՝ Արաղչին հաստատել է Պարսից ծոցի ափամերձ պետությունների հետ երկխոսություն սկսելու Իրանի պատրաստակամությունը՝ «ստեղծելու ինքնուրույն, փոխհամաձայնության վրա հիմնված և օտարերկրյա ռազմական միջամտությունից զերծ հավաքական անվտանգության մեխանիզմ»։
Հեռուստաալիքը պարզաբանում է, որ Արաղչին այս հայտարարությունն արել է Բաղդադում, որտեղ հունիսի 28-ին հանդիպել է Իրաքի նախագահ Նիզար Ամեդիի, Իրաքի խորհրդարանի խոսնակ Հայբաթ ալ Հալբուսիի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ Արաջիի հետ։
Հրապարակման համաձայն՝ Իրանի արտաքին գործերի նախարարը «կոչ է արել նոր մոտեցում ցուցաբերել տարածաշրջանային անվտանգությանը», որը հիմնված կլինի «համագործակցության և փոխադարձ վստահության» վրա։
Խոսելով Հորմուզի նեղուցի ապագա կառավարման մասին՝ Արաղչին ընդգծել է, որ Իրանը, իր պարտավորություններին և Միացյալ Նահանգների հետ փոխըմբռնման հուշագրի դրույթներին համապատասխան, նաև «անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ու կշարունակի համագործակցությունը Օմանի հետ՝ որպես հարևան ափամերձ պետության, ինչպես նաև երկխոսությունը տարածաշրջանի մյուս երկրների հետ»։