Երևան

Երևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. Ավինյան

2 րոպեի ընթերցում

Երևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 29-ին կայացած գործակարգավարական նիստում Ավինյանը ներկայացրեց Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի հավաքագրած տվյալները՝ նշելով, որ 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին վերլուծվել է շուրջ 75 միլիոն ուղևորություն։ Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների միջին արագությունը կազմել է 25 կմ/ժ և ցուցանիշը նվազման միտում ունի, իսկ պիկ ժամերին մարդատար ավտոմեքենաների միջին արագությունը կարող է իջնել մինչև 10 կմ/ժ։ Քաղաքապետը նշեց, որ մինչև 2 կմ երկարությամբ կարճ ուղևորությունները կազմում են ընդհանուր ուղևորությունների շուրջ 15 տոկոսը, իսկ դրանց մեծ մասն իրականացվում է քաղաքի կենտրոնում։

«Ավտոբուսների համար առանձնացված գծերն առաջնահերթություն են։ Մարդիկ բողոքում են, որ այդ գծերով կարող է երթևեկել միայն հանրային տրանսպորտը, սակայն դա բնական է, քանի որ մեր փողոցները լայնացնելու հնարավորություն չունենք։ Մենք Արշակունյաց պողոտան միացնում ենք Իսակովի պողոտային, ունենք խոշոր կամուրջների կառուցման ծրագրեր, սակայն փողոցներն ընդլայնելու հնարավորություն չկա»,- ասաց Ավինյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է քաղաքի մուտքերի և տարբեր հատվածների հարևանությամբ ստեղծել խոշոր ավտոկայանատեղիներ, որտեղ քաղաքացիները կկարողանան թողնել իրենց անձնական ավտոմեքենաները և ճանապարհը շարունակել հանրային տրանսպորտով։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում