Մշակույթ

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացել է Wine-House ներկայացման առաջնախաղը

3 րոպեի ընթերցում

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացել է Wine-House ներկայացման առաջնախաղը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում օրերս կայացել է Wine-House ներկայացման առաջնախաղը՝ նվիրված աշխարհահռչակ երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքին և ստեղծագործական ուղուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պիեսի հեղինակը Սառա Նալբանդյանն է, բեմադրիչը՝ Դավիթ Խալաթյանը, խորեոգրաֆը՝ Տոմա Այդինյանը, լուսային ձևավորման հեղինակը՝ Հայկ Աղաբեկյանը։

Ներկայացման մեջ զբաղված են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերարվեստի ամբիոնի դասախոս, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի արվեստանոցի ուսանողները: 

Էմի Ուայնհաուսը բրիտանացի երգչուհի և երգահան էր, որը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց իր յուրահատուկ ձայնի, անկեղծ ստեղծագործությունների և Back to Black հանրահայտ ալբոմի շնորհիվ։ Չնայած կարճ կյանքին՝ նա դարձավ 21-րդ դարի ամենաազդեցիկ երաժշտական կերպարներից մեկը՝ թողնելով նշանակալի հետք համաշխարհային երաժշտության պատմության մեջ։

Ներկայացման հիմքում Ուայնհաուսի կյանքի պատմությունն է, որի միջոցով բացահայտվում են սիրո, փառքի, կախվածությունների և ինքնության որոնման թեմաները։ Ստեղծագործական խումբը փորձել է բացահայտել ոչ միայն հայտնի երգչուհու բեմական կերպարը, այլև նրա ներաշխարհը, հակասություններն ու մարդկային ապրումները։

Ներկայացման առանձնահատկություններից է նաև բեմական յուրահատուկ լուծումը․ գործողությունները ծավալվում են բեմի տակ գտնվող տարածքում, ինչը հանդիսատեսին հնարավորություն է տալիս առավել մոտիկից հետևել հերոսներին և ընդգծում է ներկայացման հոգեբանական մթնոլորտը։

Wine-House-ի առանցքում Էմիի և Բլեյքի հարաբերություններն են։ Էմիի կյանքն անզուսպ մրցավազք է՝ երաժշտություն, սեր, կախվածություններ, սակայն ամենամեծ կախվածությունը Բլեյքն է։ Նրանք սիրում էին միմյանց մինչև ինքնաոչնչացում։ Այդ սերը դարձավ և՛ նրանց ամենահզոր զգացմունքը, և՛ ամենացավոտ պատերազմը՝ խոր հետք թողնելով Էմիի կյանքի ու երաժշտության վրա։ Նրանք այսպիսի ավարտ չէին սպասում։

Բեմադրիչ Դավիթ Խալաթյանի խոսքով՝ իրենց նպատակն է ներկայացնել ոչ թե լեգենդի, այլ ողջ մարդու պատմություն՝ իր ուժեղ և խոցելի կողմերով, ընտրություններով և դրանց հետևանքներով։ «Ներկայացման ընթացքում հատուկ փորձել ենք ընդգծել այն փաստերն ու իրավիճակները, որոնք անմիջականորեն կապված են իրականության հետ: Հենց այստեղ է անցնում այդ նուրբ սահմանը՝ երբ հանդիսատեսը տեսնում է, թե կախվածությունն ու ինքնակործանումը մարդուն ուր կարող են հասցնել»,-նշում է Խալաթյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում