Իրանը պատրաստ է քննարկելու ԱԷՄԳ-ի մուտքը միջուկային օբյեկտներ միայն պատժամիջոցների վերացումից հետո

2 րոպեի ընթերցում

Իրանի իշխանությունները պատրաստ կլինեն քննարկելու ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքը պատերազմի ընթացքում վնասված միջուկային օբյեկտներ միայն պատժամիջոցների լիակատար վերացումից  և Միացյալ Նահանգների կողմից հուշագրի պարտավորությունների կատարումից հետո։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Ներկայում չկան հարձակման ենթարկված օբյեկտներ և միջուկային նյութեր մուտքի տրամադրման ծրագրեր։ Այդ հարցերը կքննարկվեն և կլուծվեն բացառապես վերջնական համաձայնագրի  (խմբ․՝Վաշինգտոնի հետ) շրջանակներում և միայն, երբ մյուս կողմը գործնական քայլեր կատարի բոլոր պատժամիջոցների լիակատար վերացման և մյուս պարտավորությունների կատարման ուղղությամբ», - գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։

Նման հայտարարություն հունիսի 23-ին արել էր նաև ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Հունիսի կեսերին ամերիկյան և իրանական կողմերն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ  Լիբանանում։ Հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում Կատարի և Պակիստանի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները հուշագրի իրականացման շուրջ։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է չեղյալ հայտարարել ԱՄՆ պաշտոնատար անձանց և նրանց իրանցի պաշտոնակիցների հետագա հանդիպումները, եթե Թեհրանի և Վաշինգտոնի միջև համաձայնություն չլինի Իսլամական Հանրապետություն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչների վերադարձի վերաբերյալ: Իսկ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել էր, որ իրանական միջուկային օբյեկտներում ստուգումներն անխուսափելի են։

Հայերեն Русский