Տնտեսություն

Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ

2 րոպեի ընթերցում

Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ

2026 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-104-Ն օրենքը, որով փոփոխվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման ընթացակարգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հիշեցնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից։

Նոր կարգավորմամբ հարկային պարտավորության առաջացման օրը հարկ վճարողին կուղարկվի հիշեցում՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Եթե հիշեցումն ուղարկելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, իսկ հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները չընդունվեն կամ առարկություններ չներկայացվեն, հարկային մարմինը նույն օրը կընդունի ինչպես չվճարված հարկային պարտավորությունը գանձելու, այնպես էլ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների և օրենքով սահմանված կարգով գրանցման կամ հաշվառման ենթակա շարժական ու անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումներ։

Եթե արգելանքի կիրառման օրվանից հետո 30 օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, հարկային մարմնի կողմից ընդունված որոշումները կներկայացվեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման նպատակով։

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին պարբերաբար հետևել իրենց հարկային պարտավորությունների կատարմանը և դրանք կատարել օրենքով սահմանված ժամկետներում՝ հարկադիր միջոցառումների կիրառումը բացառելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում