ԵՄ-ն եվրոպական երկրներում կկիրառի «Սինոփսիս Արմենիա»-ի չիպերի նախագծման կրթական մոդելը
6 րոպեի ընթերցում
Չիպերի նախագծման ոլորտում Հայաստանի ձևավորած կրթական համակարգը հայտնվել է Եվրամիության ուշադրության կենտրոնում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը նշեց ՝ հայկական ծրագիրը կարող է հիմք դառնալ եվրոպական մի շարք երկրներում նոր մասնագետների պատրաստման համար։
Ընկերության նախագահի խոսքով՝ հայկական փորձը կօգնի եվրոպական երկրներում պատրաստել չիպերի նախագծման մասնագետներ, որոնց նկատմամբ պահանջարկն աշխարհում շարունակաբար աճում է։
Հարցին, թե ի՞նչ է նախատեսվում «Հայաստանի դիմակայունության և աճի» նախաձեռնության շրջանակում Եվրամիության հետ ստորագրված համագործակցության շրջանակում, ի՞նչ ծրագրեր են իրականացվելու, ո՞ր երկրների հետ և ե՞րբ է մեկնարկելու գործնական փուլը, Զորյանը նշեց, որ Եվրամիության հետ ստորագրված վեց մտադրությունների նամակները վերաբերում են այն ծրագրերին, որոնք ԵՄ-ն առանձնացրել է Հայաստանում՝ գնահատելով դրանց կարևորությունը եվրոպական գործընկերների համար։
«Ընդհանրապես, Եվրոպական միությունը երկար տարիներ տարբեր ծրագրերով աջակցում է Հայաստանին, սակայն այս դեպքում փորձ է արվել գտնել այնպիսի նախաձեռնություններ, որոնց միջոցով Հայաստանը կարող է օգտակար լինել Եվրոպային։ Այդ ծրագրերից մեկը Synopsys Armenia-ի համալսարանական կրթական ծրագիրն է, որի միջոցով մենք պատրաստում ենք չիպերի նախագծման մասնագետներ»,- ասաց Զորյանը։
Նրա խոսքով՝ չիպերի նախագծումը ներկայում համաշխարհային նշանակության ոլորտ է, որտեղ մասնագետների պակաս կա գրեթե ամենուր՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում և Եվրոպայում։ Հայաստանում այս ուղղությամբ կրթական ծրագիրն իրականացվում է արդեն ավելի քան 20 տարի, և դրա շնորհիվ ձևավորվել է մասնագետների պատրաստման կայացած համակարգ։
«Եվրամիությունը տեսել է այս ծրագրի արդյունավետությունը և հետաքրքրված է այն կիրառել նաև իր երկրներում։ Այսօր տարբեր նախաձեռնություններ են իրականացվում ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում՝ չիպերի նախագծման ոլորտը զարգացնելու նպատակով։ Անհրաժեշտ է մեծացնել նախագծող մասնագետների թիվը, և այս համատեքստում «Սինոփսիս Արմենիան» կարող է աջակցել ԵՄ անդամ երկրներին՝ իր փորձն ու կրթական մոդելը փոխանցելով»,- նշեց նա։
Զորյանի խոսքով՝ դեռևս հստակ ժամկետներ չեն սահմանվել, քանի որ ծրագրի իրականացումը պետք է համաձայնեցվի տարբեր երկրների հետ, սակայն արդեն բանակցություններ են ընթանում մի շարք պետությունների հետ՝ հայկական կրթական ծրագիրը նրանց ուսումնական կենտրոններում ներդնելու ուղղությամբ։
Նա պարզաբանեց, որ խոսքը հիմնականում համալսարանների մասին չէ, այլ վերապատրաստման կենտրոնների, որտեղ կսովորեն արդեն բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ։ Դասընթացները կտևեն միջինը 4-6 ամիս։
«Սինոփսիս Արմենիա»-ի ծրագրում զգալի տեղ են զբաղեցնում ընկերության տեխնոլոգիական լուծումները, ծրագրային գործիքներն ու մտավոր սեփականությունը։ Դրանք կտրամադրվեն այն նոր ուսումնական կենտրոններին, որոնք կստեղծվեն եվրոպական երկրներում»,- ասաց նա։
Զորյանը հիշեցրեց, որ չիպերի ստեղծման գործընթացը բաղկացած է երկու հիմնական փուլից՝ նախագծումից և արտադրությունից։ Առաջին փուլում աշխատում են չիպերի հեղինակներն ու նախագծողները, որոնք մշակում են նոր լուծումներ՝ արհեստական բանականության, ավտոմոբիլային արդյունաբերության, ռոբոտաշինության և այլ ոլորտների համար։ Երկրորդ փուլում այդ նախագծերը վերածվում են իրական կիսահաղորդչային արտադրանքի։
«Այսօր մեր օգտագործած գրեթե բոլոր խելացի սարքերը՝ հեռախոսը, ժամացույցը, ակնոցը և բազմաթիվ այլ տեխնոլոգիաներ, հիմնված են չիպերի վրա։ Այդ պատճառով աշխարհին անհրաժեշտ են ավելի շատ չիպերի նախագծողներ, և մեր կրթական ծրագիրը հենց այդպիսի մասնագետներ պատրաստելուն է միտված»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ Հայաստանում տարեկան շուրջ 150 նոր մասնագետ է ավարտում ծրագիրը։ Դիմողների թիվը մի քանի անգամ գերազանցում է ընդունվողների թվին, ինչը հնարավորություն է տալիս ընտրել լավագույններին։
Անդրադառնալով ոլորտի ապագային՝ Զորյանը նշեց, որ տեխնոլոգիական զարգացումը մեծապես հիմնված է լինելու չիպերի վրա։
«Արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը և ապագայի գրեթե բոլոր խելացի համակարգերը հիմնված են չիպերի վրա։ Հայաստանը շուրջ 25 տարի զարգացնում է այս ուղղությունը և այսօր արդեն ունի մեծ մասնագիտական համայնք ու բարձրակարգ կադրեր։ Մենք կարող ենք ոչ միայն օգտակար լինել Եվրոպային, այլև շարունակել ամրապնդել Հայաստանի դիրքերը որպես չիպերի նախագծման առաջատար կենտրոններից մեկը»,- եզրափակեց նա։
Երևանում մայիսի 5-ին կայացած ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի ընթացքում Եվրոպական միությունը հայկական առանցքային ընկերություններին և հիմնադրամներին հանձնել էր մտադրության վեց նամակ՝ Հայաստանում ներդրումների խթանման նպատակով։ Այդ ընկերություններից մեկն էլ «Սինոփսիս Արմենիա»-ն է։