ՀՀ ՄԻՊ-ը խստորեն դատապարտելի է համարում Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարում մարդու իրավունքների տեսանկյունից և անհամատեղելի՝ ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ:
«Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ:
Պաշտոն զբաղեցնող անձինք իրենց այսպիսի վարքագծով ոչ միայն տարածում են բռնությունն ու անհանդուժողականությունը որպես վարքագծի օրինակելի ձև, այլ նաև խոչընդոտում են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ամբողջ համակարգի զարգացմանը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀՀ ՄԻՊ-ն՝ ընդգծելով, որ այս ամենը խստորեն դատապարտելի երևույթ է։
Երևանի ավագանու՝ հունիսի 23-ի նիստի ընթացքում ծեծկռտուք էր սկսվել իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների անդամների միջև։