Իրան

ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս

Միացյալ Նահանգները և Իրանը Շվեյցարիայի բանակցություններում ամուր հիմք դրեցին հակամարտությունը դադարեցնելու շուրջ վերջնական պայմանավորվածության համաձայնեցման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Շվեյցարիայում Իրանի հետ բանակցությունների արդյունքների շուրջ կայացած մամուլի ասուլիսում, որի տեսանյութը տարածել է The Sun պարբերականը։

«Մենք շատ լավ հիմք դրեցինք հաջող վերջնական գործարքի համար։ Վերջնական գործարքը տուն է։ Մենք հիմքը գցեցինք։ Մենք տուն չկառուցեցինք, բայց լավ հիմք գցեցինք», - ասել է Վենսը։

Նրա խոսքով՝ դեռ շատ անելիք կա, միևնույն ժամանակ առաջընթաց է գրանցվում միջուկային ծրագրի և տնտեսական հարցերի շուրջ քննարկումների առումով, շարունակվում է Հորմուզի նեղուցի ականազերծումը և նավագնացության վերականգնումը։

Վենսը հավելել է, որ ԱՄՆ-ն և Իրանը նաև համաձայնության են հասել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչների՝ Իսլամական Հանրապետություն վերադառնալու հարցի շուրջ։

«Իրանցիները համաձայնել են ԱԷՄԳ-ի տեսուչներին հետ կանչել իրենց երկիր։ Սա կարևոր հանգրվան է ամերիկյան ժողովրդի համար և առաջին քայլը դեպի լիակատար ապամիջուկայնացում կամ Իրանի միջուկային զենքի ստեղծման ծրագրի մշտական ​​դադարեցում», - հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

Շվեյցարիայում հունիսի 21-ին կայացած բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Իրանական պատվիրակության կազմում են եղել Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Պակիստանը և Կատարը հանդիպումից հետո հայտարարել են, որ տեխնիկական բանակցությունները Շվեյցարիայում այս շաբաթ կշարունակվեն ավելի ցածր մակարդակի պաշտոնյաների մասնակցությամբ։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում