Աշխարհ

Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին

3 րոպեի ընթերցում

Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին

Պակիստանը կարող է պատերազմ հայտարարել Հնդկաստանին ջրային ռեսուրսների հետ կապված ազգային անվտանգությանը սպառնալիքի դեպքում՝ Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործման պայմանագրի կատարումից Նյու Դելիի հրաժարվելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամադ Ասիֆը։

«Հենց մեզ համար ազգային անվտանգության սպառնալիք առաջանա, իսկ ջրային պաշարները դրա մի մասն են, մենք պատերազմ կսկսենք Հնդկաստանի դեմ: Անկասկած», - ասել է Ասիֆը ARY News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Իսլամաբադը կդիտարկի ռազմական գործողությունների հնարավորությունը, եթե հայտնվեն կոնկրետ ապացույցներ, որ Հնդկաստանը «տագնապալի արագությամբ ընթանում է դեպի Պակիստանի ջրամատակարարման խախտում՝ ջուրն օգտագործելով որպես զենք»։

Իր հերթին, ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Հնդկաստանի ջրային պաշարների նախարար Չանդրա Փրաքաշ Փաթիլը հայտարարել էր, որ Ինդոս գետի ջրերի հասանելությունը Պակիստանի համար կարող է մինչև 2028 թ․ հունիս լիովին դադարեցվել, եթե այդ երկիրը չդադարեցնի անդրսահմանային ահաբեկչությունը։

Պակիստանը ջրի սուր պակասի խնդիրների է բախվում Հնդկաստանի կողմից Ինդոսի ջրերի մասին երկկողմ պայմանագրի գործողության դադարեցման պատճառով 2025 թ․ ապրիլին Պահալգամում (Ջամու և Քաշմիրի միութենական տարածք) տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 26 մարդ։

1960 թվականին Հնդկաստանը և Պակիստանը ստորագրել են Ինդոսի ջրերի մասին պայմանագիրը, որը նախատեսում է ջրային պաշարների բաշխում։ Ըստ այդ համաձայնագրի՝ Իսլամաբադը ստացել է վերահսկողություն Ինդոս գետի և դրա վտակների՝ Չինաբի և Ջելամի նկատմամբ, որոնք հոսում են Հնդկաստանի տարածքից։ Արդյունքում Պակիստանը ստացել է Ինդոս գետի ավազանի ջրերի գրեթե 80%-ը, որոնք ապահովում են երկրի բնակչության մոտավորապես մեկ երրորդին։ Պայմանագրի համաձայն՝ Նյու Դելին ստացել է լիակատար վերահսկողություն Բեաս, Ռավի և Սաթլեջ գետերի նկատմամբ։

Ջամու և Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ինդոսի ջրերի մասին պայմանագրի գործողության անհապաղ դադարեցման մասին։ Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի զինված ուժերն սկսել են «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում գտնվող թիրախներին՝ նշելով, որ այնտեղ բազավորված էին ահաբեկիչները։ Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել Հնդկաստանին։ Մայիսի 10-ին կողմերը հայտնել են լիակատար հրադադարի մասին: Ինչպես հայտարարել են Հնդկաստանի պաշտոնատար անձինք, «Սինդուր» ռազմական գործողությունը դադարեցվել է, բայց ավարտված չէ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում