Իրան

ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ

2 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար Իսմայիլ Քաանին հայտարարել է, որ եթե Իսրայելը չհեռանա Լիբանանի հարավից, ապա նրան պարտություն է սպասվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։

«Եթե դուք Լիբանանի հարավից չհեռանաք ձեր ոտքով, ապա 2000 թվականի էպոպեան կկրկնվի, ինչպես այն նույն տարում, երբ դուք խայտառակ ձևով փախաք այս հողից։ Ընտրությունը ձերն է», - Քաանիի գրառումն է մեջբերում լրատվամիջոցը։

2000 թ. մայիսին Իսրայելն ավարտեց զորքերի միակողմանի դուրսբերումը Լիբանանի հարավից, ինչը հաստատվեց ՄԱԿ-ի կողմից 2000 թ. հունիսի 16-ին։ Դուրսբերումը վերջ դրեց Իսրայելի կողմից տարածաշրջանի 18-ամյա օկուպացմանը, ինչպես նաև ամրապնդեց «Հեզբոլլահ»-ի դիրքերը Լիբանանում։

Լիբանանի հարավում Իսրայելի ռազմական գործողությունների թեման գլխավորներից մեկն էր Շվեյցարիայում Պակիստանի և Կատարի միջնորդությամբ անցկացված ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում։ Իրանը հայտարարել էր, որ կհրաժարվի ԱՄՆ-ի հետ ապագա բանակցություններից և չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Լիբանանի տարածքում։

Ըստ պակիստանցի և կատարցի միջնորդների հայտարարության՝ բանակցությունների ընթացքում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները համաձայնել են խումբ ստեղծել Լիբանանում կոնֆլիկտային իրավիճակները կանխելու համար: Խմբի նպատակը լինելու է Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև մարտերի դադարեցման ապահովումը։

Հունիսի 21-ին Իսրայելի պաշտպանության ուժերի (ԻՊԲ) գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ զինվորականները պետք է պատրաստ լինեն «Հեզբոլլահ»-ի հետ ռազմական գործողությունների վերսկսմանը փխրուն հրադադարի ֆոնին։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում