Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև շարունակվող պատերազմն ավարտելու գործում առաջընթաց է գրանցվել, նաև չեղարկվել են Իրանից նավթի արտահանման սահմանափակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է հունիսի 22-ի վաղ առավոտյան՝ Շվեյցարիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների ավարտից հետո։
«Պակիստանի և Կատարի անխոնջ միջնորդությունը մեծ առաջընթաց է ապահովել Լիբանանի պատերազմի ավարտի գործում: Նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման (խմբ.՝ սահմանափակումները) մեղմացվում են, շրջափակումը վերացվում է, որոշ սառեցված ակտիվներ ապասառեցնում են, և Իրանի համար մեկնարկում է վերակառուցման և զարգացման խոշոր ծրագիր», - գրել է նա X-ում:
Նա հավելել է, որ առաջին իրական փորձությունը Լիբանանում «հակամարտության կարգավորման բջիջն է», որի մասին նշված է բանակցությունների արդյունքներով Պակիստանի և Կատարի միջնորդների տարածած հայտարարության մեջ։
Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են ստեղծել «հակամարտության կարգավորման բջիջ», որը կներառի Լիբանանի կառավարությունը և «կապահովի Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման պահպանումը՝ ըստ փոխըմբռման հուշագրի»։
Բացի այդ, կողմերի միջև 60 օրով ստեղծվել է հաղորդակցության գիծ, որը պետք է օգնի խուսափել միջադեպերից և թյուրիմացություններից՝ ապահովելով Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումը։
Բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Իրանական պատվիրակության կազմում են եղել Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ըստ իրանական պետական լրատվամիջոցների՝ հանդիպումը տևել է մոտ 80 րոպե։