ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բանակի հրթիռահրետանային ստորաբաժանման զինծառայողները վարժանքներ են անցկացրել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինուժ մեդիա»-ի ռեպորտաժը հրապարակել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ռեպորտաժում նշվում է, որ հրթիռահրետանային ստորաբաժանումն ուսումնական պարապմունքի պլանով անցել է առաջադրված խնդիրների իրականացմանը։ Ճշգրիտ գործողություններով խոցվել են պայմանական նշանակետերը։

Վարժանքի նպատակն էր վեր հանել ներգրավված ստորաբաժանման պաշտպանունակությունը, ստուգել զինանձնակազմի գործողությունների արդյունավետությունը և կատարելագործել նրանց ներդաշնակումը։

«Անձնակազմի մոտ ավելի են ամրապնդվում իրենց գիտելիքները թե՛ ուսումնական, թե՛ գործնական հրաձգության ժամանակ»,- ասել է ստորաբաժանման հրամանատար Արիկ Գոքորյանը։

Հաշվարկի հրամանատար Գրիգոր Այվազյանի խոսքով՝ նման վարժանքների ընթացքում հաշվարկները կարողանում են գործել առավել ներդաշնակ։

«Հաշվարկները կարողանում են իրար հասկանալ ընդամենը մեկ հայացքից և ավելի արագ կատարել գործողությունները՝ որպես մեկ մարմին»,- նշել է Այվազյանը։

Կրակային գործողություններն իրականացվել են հայրենական արտադրության փոքր համազարկային կրակի ռեակտիվ «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ։

Ռեպորտաժում նշվում է, որ ՀՀ բանակի զինանոցը համալրած այդ զինատեսակը նախատեսված է կենդանի ուժի, կրակային միջոցների և շարասյուների խոցման, ինչպես նաև ռեակտիվ հրետանային, ականանետային և զենիթային մարտկոցների ճնշման համար։ Համակարգն ունի աշխատանքի ավտոմատացված ռեժիմ, ինտեգրված օդերևութաբանական կայան և ապահովում է կրակի բարձր խտություն։

Ստորաբաժանման հրամանատար Արիկ Գոքորյանը նշել է, որ համակարգի կարևոր առանձնահատկություններից է անձնակազմի՝ անվտանգ հեռավորությունից գործելու հնարավորությունը։

«Առաջին կարևորագույն խնդիրն այն է, որ մարտական գործողությունների ժամանակ անձնակազմը տեխնիկայի հետ շփվում է 500 մետրից մինչև մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Այսինքն, երբ տեխնիկան կանգնում է համապատասխան կետում, կողքին անձնակազմ չի լինում»,- ասել է Գոքորյանը։

Գրիգոր Այվազյանը ևս ընդգծել է, որ ավտոմատացված համակարգը հնարավորություն է տալիս տեխնիկան օգտագործել հեռվից՝ նվազեցնելով անձնակազմի համար ռիսկերը։

«Ամենաառավելագույնը ավտոմատացված համակարգն է, որը հնարավորություն է տալիս տեխնիկան օգտագործել հեռվից։ Տեխնիկայի հայտնաբերման և ոչնչացման ժամանակ զերծ ենք մնում ամենակարևորից՝ մարդկային կորստից»,- ասել է Այվազյանը։

Ռեպորտաժում նշվում է, որ յուրաքանչյուր նման վարժանք ամրապնդում է զինծառայողների պատրաստությունը, ոգևորում և տրամադրում՝ առավել եռանդով ու պատվախնդրորեն կատարելագործվելու։

Ժամկետային զինծառայող Սամվել Հակոբյանը նշել է, որ առաջին կրակը յուրաքանչյուր հրետանավորի համար առանձնահատուկ նշանակություն ունի։

«Ցանկացած հրետանավորի համար առաջին կրակը ամենաուժեղ և ամենավառ տպավորվող մասն է կազմում հիշողության մեջ։ Ես շատ ոգևորված եմ դրանից»,- ասել է Հակոբյանը։

Ուսումնական պարապմունքի արդյունքում ամրապնդվել են առաջադրված գործողությունների նախապատրաստմանն ու վարմանը վերաբերող զինծառայողների հմտություններն ու կարողությունները։ Ստուգվել է նաև ներգրավված ստորաբաժանումների կառավարման համակարգի արդյունավետությունը։

Ըստ ռեպորտաժի՝ ստուգատեսը հնարավորություն է տվել բարձրացնել ստորաբաժանման դաշտային վարժվածությունը, ինչպես նաև զարգացնել զինծառայողների ներդաշնակ փոխգործակցությունը։

Գրիգոր Այվազյանի խոսքով՝ զորամասը երկու տարի անընդմեջ ճանաչվել է Զինված ուժերի լավագույն հրետանային զորամաս։

«Անցած ուսումնական փուլը և այս ուսումնական փուլի արդյունքները թույլ են տալիս վստահաբար ասել, որ առաջիկա քննություններում ցույց ենք տալու բարձր ցուցանիշներ»,- նշել է Այվազյանը։

Ժամկետային զինծառայող Սամվել Հակոբյանն ընդգծել է, որ պատրաստ են ապացուցելու՝ իրենց զորամասը շարունակում է մնալ լավագույն հրետանային զորամասը։

Հայերեն العربية English