Հայաստան

Սևանա լճում փորձարկվել է ջրային միջավայրում արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգը

3 րոպեի ընթերցում

Սևանա լճում փորձարկվել է ջրային միջավայրում արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգը

Սևանա լճում անցկացված լայնածավալ ցուցադրական-տակտիկական ուսումնավարժանքի ընթացքում փորձարկվել է ջրային միջավայրում հնարավոր արտակարգ իրավիճակներին արձագանքող ուժերի համատեղ գործողությունների համակարգը՝ զբոսանավում հրդեհի սցենարով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսանյութ է հրապարակվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության կայքում, որտեղ նշվում է, որ ուսումնավարժանքը կազմակերպվել է զբոսանավում հրդեհի բռնկման սցենարով և նպատակ է ունեցել գնահատել տարբեր ծառայությունների արագ արձագանքման, փոխգործակցության և օպերատիվ կառավարման արդյունավետությունը։

Միջոցառման ընթացքին հետևել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գարեգին Հակոբյանը, ինչպես նաև Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Աղաս Խաչատրյանը։

Ըստ մշակված սցենարի՝ Սևանա լճում գտնվող զբոսանավում առաջացել է հրդեհ, ինչի հետևանքով նավի անձնակազմի երկու անդամ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ։ Մի խումբ քաղաքացիներ խուճապի հետևանքով նետվել են ջուրը, իսկ մեկ քաղաքացի՝ ջրահեղձ եղել։

Իրավիճակի բարդացմանը զուգահեռ գործի են դրվել բազմաուժային ստորաբաժանումներ․ իրականացվել են հրդեհաշիջման, որոնողափրկարարական, ջրափրկարարական և բժշկական օգնության համալիր գործողություններ։

Ուսումնավարժանքին ներգրավվել են Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումները, ջրափրկարարական ջոկատը, ՆԳՆ ոստիկանության ջրային պարեկային ծառայության ուժերը, ինչպես նաև Գավառի և Սևանի բժշկական կենտրոնների աղետների բժշկության թիմերը։

Պարեկային ծառայության ներկայացուցիչ Իշխան Հակոբյանը նշել է, որ վարժանքի ընթացքում ապահովվել է տարածքի սահմանազատում և պայմանական տուժածների անվտանգ դուրսբերում ջրից՝ համագործակցելով գործընկեր կառույցների հետ։

Գործնական փուլում ստուգվել են ուժերի օպերատիվ տեղակայման, ջրից քաղաքացիների դուրսբերման, բժշկական օգնության կազմակերպման և տարբեր ծառայությունների համակարգված փոխգործակցության մեխանիզմները։

Ամփոփելով վարժանքը՝ պատասխանատուները նշել են, որ նման ձևաչափով ուսումնավարժանքները կարևոր դեր ունեն արձագանքող համակարգերի պատրաստվածության բարձրացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ գործողությունների ապահովման տեսանկյունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում