Հայաստան

ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները

6 րոպեի ընթերցում

ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը շարունակում է ընդլայնել կրթական ծրագրերի շրջանակը՝ ապահովելով նոր թեմաների ավելի լայն հասանելիություն Հայաստանի ամբողջ տարածքում։

«Այսօր պաշտոնապես մեկնարկել է «Հայաստանի մաքսային և հարկային ոլորտներում հմտությունների զարգացման հասանելություն էլ․ ուսուցման (e-learning) միջոցով» ծրագիրը, որն ուղղված է ՊԵԿ ուսումնական կենտրոնի մաքսային և հարկային ուղղություններով հավաստագրված նոր կրթական ծրագրերի թվայնացմանը։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է նաև մշակել և ներդնել նոր կրթական մոդուլներ՝ տվյալագիտության, թվային գործիքների կիրառման և առաջնորդության հմտությունների զարգացման ուղղություններով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՊԵԿ-ից՝ ընդգծելով, որ թվային նոր լուծումների ստեղծումը հնարավորություն կտա ՀՀ մարզերում ապահովել ոլորտների նկատմամբ հետաքրքրություն ունեցող թիրախային խմբերի համար մասնագիտական հմտությունների զարգացման առավել լայն և ներառական հասանելիություն՝ նպաստելով որակյալ մասնագիտական ներուժի ձևավորմանը։ Գենդերազգայուն առաջնորդության և կառավարման ուսուցման ծրագրերի ներդրմամբ նախաձեռնությունը կնպաստի նաև ՊԵԿ համակարգում կանանց ներգրավվածությանն ու մասնագիտական առաջխաղացմանը։

Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ, «Գրանթ Թորնթոն Հայաստանի»-ի հետ համագործակցությամբ և TaiwanBusiness-EBRD տեխնիկական համագործակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Պաշտոնական գործարկմանը նվիրված միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների, գործընկեր և ոլորտային փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։

ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Պետական եկամուտների կոմիտեի համար մարդկային կապիտալի զարգացումը ռազմավարական առաջնահերթություն է: «Մենք ձգտում ենք ստեղծել մի համակարգ, որտեղ ուսուցումը կլինի ոչ թե ժամանակակից միջոցառում, այլ մշտապես հասանելի գործիք։ Ծրագիրը մի կողմից վերացնում է աշխարհագրական խոչընդոտները և, անկախ նրանից, թե որ տարածքում է անձը գտնվում կարող է ստանալ որակյալ կրթության հավասար հասանելիություն։ Մյուս կողմից էլեկտրոնային ուսուցումը մեզ թույլ կտա արագ արձագանքել փոփոխվող մարտահրավերներին և պահպանել մեր մասնագետների մրցունակությունը», - նշել է Կարեն Թամազյանը: Ամփոփելով խոսքը՝ ՊԵԿ նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

ՎԶԵԲ-ի գենդերային և տնտեսական ներառման բաժնի տնտեսական վերլուծաբան Դագմարա Չվալովսկան ընդգծել է, որ ՎԶԵԲ–ՊԵԿ համագործակցությունն ուղղված է ոչ միայն մաքսային և հարկային ենթակառուցվածքների զարգացմանն, այլև ոլորտի ապագան ձևավորող մասնագիտական ներուժի հզորացմանը․ «Ծրագրերի թվայնացման շնորհիվ մասնագիտական հմտությունների զարգացման հնարավորություններն աշխարհագրորեն ավելի հասանելի կդառնան, իսկ կանանց առնվազն 50 տոկոս ներգրավվածության ապահովմանն ուղղված ջանքերը վերահաստատում են մեր համատեղ հանձնառությունը՝ խթանելու գենդերային հավասարությունը»։ Իսկ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի գործընկեր, գործարար խորհրդատվության ծառայությունների բաժնի ղեկավար Ազատ Մանուկյանն իր խոսքում նշել է․ «Ուրախ ենք մեր փորձով աջակցել մի նախաձեռնության, որը համադրում է թվային նորարարությունը, գործնական կարողությունների զարգացումն ու մարդկային կապիտալի երկարաժամկետ զարգացումը»։

ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի հետազոտությունների և նորարարության բաժնի պետ Անի Ջաբաղյանը ներկայացնելով Կենտրոնի առաքելությունն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ վստահեցրել է, որ շարունակական կրթությունը հնարավոր է ապահովել միայն մշտական զարգացման և համագործակցության ընդլայնման պայմաններում։ «Նոր համագործակցության շրջանակում նախատեսվող լուծումները համահունչ են աշխարհի առաջատար կրթական կազմակերպություններում կիրառվող մոտեցումներին։ Դրանք ինտերակտիվ և ներգրավող են, որպեսզի նույնիսկ աշխատանքային հագեցած գրաֆիկի պայմաններում նման ձևաչափով կրթություն ստանալը լինի ոչ միայն օգտակար, այլև ցանկալի և հաճելի փորձառություն յուրաքանչյուր մասնակցի համար»,-մանրամասնել է Անի Ջաբաղյանը

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական ուղղությունները, նախատեսվող գործողություններն ու ակնկալվող արդյունքները։ Այնուհետև տեղի է ունեցել քննարկում՝ էլեկտրոնային ուսուցման (e-learning) և թվային գործիքների դերի ու ազդեցության վերաբերյալ։ «Թվայի՞ն, թե՞ ավանդական ուսուցում. կարո՞ղ է մեկը փոխարինել մյուսին» թեմայով քննարկմանն անդրադարձ է կատարվել ավանդական և թվային կրթության մոտեցումներին, խառը (blended) ուսուցման մոդելներին, ինչպես նաև ժամանակակից ուսուցման ձևաչափերի ընձեռած հնարավորություններին և մարտահրավերներին։ Իսկ «Որտե՞ղ է իրականում տեղի ունենում ուսուցումն այսօր» թեմայով քննարկման առանցքում եղել են ուսուցման միջավայրերն ու ժամանակակից հասարակությունում ձևավորվող ուսուցման մշակույթը։

Պետական եկամուտների կոմիտեի և գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագիրը միտված է մրցունակ և հմուտ աշխատուժի ձևավորմանը՝ ժամանակակից, ներառական և հասանելի ուսուցման հնարավորությունների ներդրմամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում