Հայաստան

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանգստի ակտիվ սեզոնին ընդառաջ իրազեկող հաղորդագրություն է տարածել

2 րոպեի ընթերցում

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանգստի ակտիվ սեզոնին ընդառաջ իրազեկող հաղորդագրություն է տարածել

Հայաստանի միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանգստի ակտիվ սեզոնին ընդառաջ իրազեկող հաղորդագրություն է տարածել՝ քաղաքացիներին կոչ անելով ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձնել ճամփորդական փաստաթղթերին։

«Հարգելի քաղաքացիներ, նախքան հանգստի մեկնելը ծանոթացեք այն երկրի սահմանահատման կարգավորումներին, ուր պատրաստվում եք մեկնել։

Մասնավորապես, ճշտե՛ք անձնագրի վավերականության ժամկետին առաջադրվող պահանջը։ Բազմաթիվ հայտնի զբոսաշրջային ուղղություններով գործում է անձնագրի վավերականության 6-ամսյա կանոնը․ անձնագիրը պետք է վավեր լինի ևս վեց ամիս՝ հաշվված ճամփորդության վերադարձի ամսաթվից։ Նման պահանջ ունեն, օրինակ Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ։

Այսինքն, եթե օրինակ, Դուք մեկնելու եք հանգստանալու հուլիսի 21-31-ը, ապա Ձեր անձնագրի վավերականության ժամկետը պետք է լրանա ավելի ուշ, քան 2027 թ․-ի հունվարի 28-ը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են կառույցից՝ ընդգծելով, որ կան երկրներ, որոնք պահանջում են անձնագրի ժամկետի եռամսյա վավերականություն՝ հաշվված ճամփորդության վերադարձի օրվանից, ինչպես՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և այլն։

Այս կարգավորումները ևս կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխության ենթարկվել, հետևաբար անհրաժեշտ է մշտապես ճշտել թարմացված և գործող կարգավորումը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հիշեցնում են, որ անձնագրի վավերականության հետ կապված խնդիրը օդանավակայանում հայտնաբերելու դեպքում այն տեղում լուծել հնարավոր չէ, քանի որ անձնագրի թողարկման մեկօրյա ծառայությունը մատուցվում է դիմումը ներկայացնելուն հաջորդող աշխատանքային օրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում