2026-ի պետբյուջեի պարամետրերը մեզ տալիս են լավատեսություն. Վարչապետի ամբողջական ելույթը ԱԺ-ում 2025 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը

26 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Ազգային ժողովում 2025-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության իր եզրափակիչ ելույթում խոսել է կատարված աշխատանքների ու հեռանկարների մասին: «Արմենպրես»-ը ելույթը ներկայացնում է ամբողջությամբ.

Ազգային Ժողովի նախագահի հարգելի տեղակալներ,

Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Սիրելի ժողովուրդ,

Քննարկում ենք 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը և առաջին բանը, որ ուզում եմ ասել 2025 թվականի պետական բյուջեի մասին հետևյալն է, որ ըստ էության, մի շրջադարձային գիծ ենք անցել, որովհետև 2017 թվականի համեմատ, ինչո՞ւ 2017 թվականի համեմատ, ես վերցնում եմ Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդած վերջին տարին, ահա այդ տարվա համեմատ մենք պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացրել ենք 135%-ով, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք արդեն վստահ պնդել, որ հեղափոխությանը հաջորդող ութ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկվել են։

Ըստ էության 2024 թվականին էլ ֆորմալ առումով սա կարող էինք ասել, որովհետև 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները 2017-ի համեմատ ավելացել էին 106%-ով, բայց այդ պնդման մեջ ֆորմալության տոկոսը մի փոքր ներկա էր, որովհետև բյուջեի հարկային եկամուտները դիտարկելիս պետք է հաշվի առնել նաև գնաճը, որն ինքը իրենով որոշակի շրջանառության աճ է ապահովում։ 2017 թվականից գնաճի ամբողջ ցուցանիշը հանած կարող ենք ասել, որ 2025 թվականն այն տարին է, որտեղ մենք բոլոր պարամետրերով 2017 թվականի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկել ենք։

Սա իսկապես կարևորագույն ցուցանիշ է, որը թվային ցուցանիշ է, բայց սրա տակ շատ էական բովանդակություն կա և այդ բովանդակությունն առաջին հերթին մեր տնտեսության աճն է, որովհետև ինչպես արդեն նշվեց, համախառն ներքին արդյունքի ավելի քան կրկնակի աճ է տեղի ունեցել և սա նույնպես շատ էական ցուցանիշ է, և ցույց է տալիս մեր տնտեսության կշիռը։ Բայց էական եմ համարում, որ մենք 2025 թվականին արձանագրել ենք այն հիմքերը, որոնք մեզ թույլ են տալիս ասելու, որ կարող ենք անցում կատարել դեպի նոր օրակարգ, որը մենք ձևակերպել ենք, այդ թվում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ որպես նոր որակի պետության ձևավորման օրակարգ, և իհարկե այդ հնարավորությունն առաջին հերթին կապված է 2025 թվականին տեղի ունեցած մի քանի կարևոր իրադարձությունների հետ։

Ուզում եմ հիշեցնել, որ հենց 2025 թվականին էր, երբ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարեցին երկու երկրների միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծի բանակցությունների ավարտը՝ համաձայնագրի նախագծի համաձայնեցմամբ։ Սա իսկապես կարևորագույն իրադարձություն էր, և այս իրադարձությունն է, որ հնարավոր դարձրեց խաղաղության հաստատումը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի մասնակցությամբ և նախաձեռնությամբ։

Մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ 2025 թվականն այն տարին է, որտեղ մենք լիարժեք արձանագրեցինք, որ ունենք խաղաղություն, ունենք հաստատված խաղաղություն, և ըստ էության, ունենք հակամարտության ավարտ՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Պիտի արձանագրենք, որ 2026 թվականին այդ փաստը լեգիտիմություն ստացավ և վերաարձանագրվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությամբ և քվեարկությամբ, որովհետև 2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը, ինչը նշանակում է, որ մենք 2025 թվականը, ըստ էության, համարելով հեղափոխական կառավարման լավագույն տարին, կարող ենք արձանագրել, որ սրանից հետո ամեն տարին պետք է լինի հետհեղափոխական կառավարման լավագույն տարին, այդ թվում՝ օրինակ, բյուջետային հոսքերի տրամաբանության մեջ։

Ես առիթ ունեցել եմ այս ամբիոնից ասելու, որ արդեն 2026 թվականի պետական բյուջեի պարամետրերը մեզ տալիս են լավատեսություն, որ 2026 թվականին մեր պլանավորած եկամուտները էականորեն գերակատարելու ենք, և սա, իհարկե, առաջին հերթին կապված է 2025 թվականին մեր արձանագրած տնտեսական ցուցանիշների հետ։ Մասնավորապես, կենսաթոշակների բարձրացման որոշումը ճիշտ է կայացվել է 2026 թվականին, բայց ուզում եմ, այդ թվում՝ քաղաքական շահարկումներին արձագանքելու տրամաբանության մեջ հիշեցնել, թե ինչպես և ինչու է կայացվել կենսաթոշակները բարձրացնելու որոշումը։ Դուք գիտեք, որ 2025 թվականի համար և միջազգային, և հայաստանյան ինստիտուտների կողմից, և պետական բյուջեով էականորեն ավելի պակաս տնտեսական աճի ցուցանիշ էր արձանագրված, 5.2% եթե չեմ սխալվում, և իրականում 2026 թվականի փետրվարին Հայաստանի վիճակագրության կոմիտեն հրապարակեց մեր տնտեսական աճի ցուցանիշները և պարզվեց, որ տնտեսական աճը մոտ 2%-ով գերազանցում է կանխատեսված ցուցանիշը։

Իհարկե, այստեղ ես համոզված եմ և ակնհայտ է, որ սրանում դեր ունեցել են հենց այն քաղաքական իրադարձությունները, որոնց մասին քիչ առաջ խոսեցի, այսինքն՝ 2025 թվականի մարտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների հաջողությամբ ավարտը  և հետագայում նաև խաղաղության հաստատումը Վաշինգտոնում նոր տնտեսական խթան են բերել և այդ որոշումների և փոփոխությունների արդյունքում է, որ մենք իրականում կանխատեսվածից ավելի մեծ տնտեսական աճ ենք ունեցել։

Մեզ համար այդ թվում` քաղաքական խնդիր էր, և միշտ կա այդ քաղաքական խնդիրը, որ, տեսեք, մենք անընդհատ խոսում ենք տնտեսական աճի մասին,  խոսում ենք համախառն ներքին արդյունքի և ընդհանրապես տնտեսության աճի մասին, որովհետև 2018 թվականից մինչ այսօր մեր տնտեսությունը 53%-ով աճել է, սա ահռելի մեծ թիվ է: Մեկ անձի հաշվով համախառն ներքին արդյունքն ավելի քան կրկնապատկվել է։ Եվ մեր իրականության մեջ սովորաբար ի՞նչ պրոբլեմ գոյություն ունի, որ այս ամբիոնից հնչող վիճակագրությունը մարդիկ իրենց կյանքի վրա չեն տեսնում։ Այստեղ է, որ խզումն առաջանում է, և մեր մեծագույն քաղաքական խնդիրը և հանձնառությունն է, որ երբ այս ամբիոնից և Հայաստանի պետական ինստիտուտներն ազդարարում են տնտեսական աճերի և զարգացման մասին, մարդիկ պետք է իրենց կյանքում կոնկրետության մեջ տեսնեն այդ աճերը։ Սա է պատճառը, որ արձանագրելով, որ 2025 թվականի տնտեսական աճը կանխատեսվածից շուրջ 2%-ով ավելի է եղել, և նաև հաշվի առնելով 2021 թվականին մեր տված նախընտրական խոստումը, ես որոշում եմ կայացրել, որ անմիջապես՝ որպես առաջին արձագանքը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում թոշակների բարձրացումը։ Ուզում եմ ասել, որ սա 2025 թվականի ցուցանիշ է, 2025 թվականի արձանագրման արդյունք է, և առաջին անգամ մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք ավելի բարձր միջին կենսաթոշակ, քան նվազագույն սպառողական զամբյուղն է։

Ուզում եմ կրկնել մեր հանձնառությունը, որովհետև ընտրություններից առաջ մեր հանձնառությունների վերաբերյալ շատ են հնչել բամբասանքներ, որ ընտրություններից հետո չեղարկվելու է, և մեր պարտավորությունն է, ընդ որում, դա հեշտ իրականանալի գործ չէ, որովհետև կենսաթոշակների հետ կապված ցանկացած գործողություն ենթադրում է շատ մեծ բյուջետային ծախսեր։ Սրա պատճառը հետևյալն է, որ եթե մենք 1000 դրամ թոշակ ենք բարձրացնում՝ մեկ թոշակառուի համար այդ 1000 դրամը շատ մեծ նշանակություն չունի, բայց պետական բյուջեի համար դա միլիարդների ծախս է, որովհետև մենք խոսում ենք 650000 մարդու մասին։

Դա արդեն ահռելի գումար է և մեր հանձնառությունն է, որ 2028 թվականից սկսած կվերանայենք և առնվազն գնաճի չափով կինդեքսավորենք կենսաթոշակը, որպեսզի այս սոցիալական նշաձողից ներքև այլևս երբեք չիջնենք։ Բայց նաև կարևոր եմ համարում արձանագրել, 2025 թվականի արդյունքներով է, որ մեզ հաջողվել է 2026 թվականի հունվարի 1-ից ներդնել Առողջության ապահովագրության համակարգը և սա նույնպես 2025 թվականին մեր կատարած աշխատանքի և կայացրած որոշումների արդյունք է, որովհետև բնականաբար այդ բոլոր որոշումները կայացվել են 2025 թվականին և 2025–ի բյուջետային տարին այս առումով ունեցել է շատ էական նշանակություն։

Չնայած նախընտրական շրջանում շատ եմ խոսել սրա մասին, բայց այդ ձևաչափով էլ խոսելով 2025 թվականի մասին, չեմ կարող չարձանագրել, որ 2025 թվականն առաջին օրացույցային տարին է, երբ Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետևանքով մենք ոչ զոհ ենք ունեցել, ոչ էլ վիրավոր։ Շատ ասված, բայց նորից ասելու արժանի փաստերից մեկն այն է, որ 2025 թվականի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը դադարել է և սկսել է ներգաղթ։ 2025 թվականն առաջին տարին է, կորոնավիրուսի տարին չենք հաշվում, որովհետև այդ տարին, իհարկե, վիճակագրական որոշակի շեղումներ է տվել, բայց 2025 թվականը սովորական վիճակում գտնվող առաջին տարին է, երբ մենք, ըստ էության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արտագաղթի դադար ունենք և ունենք ներգաղթ, որովհետև 2025 թվականին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է Հայաստանի Հանրապետությունից մեկնած քաղաքացիների թվին։ Իհարկե, սա նույնպես շատ էական է դարձնում 2025 թվականը Հայաստանի Հանրապետության կյանքում և պիտի արձանագրեմ, որ 2025 թվականը միանշանակ և աներկբա պատմական տարի է, որովհետև հենց թեկուզ այն փաստերի արձանագրումը, որոնց մասին ես նշեցի, իհարկե, 2025 թվականը հիշարժան են դարձնում Հայաստանի Հանրապետության պատմության համար։ Բայց շատ կարևոր է արձանագրել, որ ինքը ոչ թե առանձին վերցրած իրադարձություն է, այլ 2025 թվականին տեղի են ունեցել իրադարձություններ, կայացվել են որոշումներ, որոնք հետագայում կանխորոշելու են Հայաստանի Հանրապետության զարգացման հետագա ընթացքը: Էլի ուզում եմ ընդգծել, որ դա, առաջին հերթին, կապված է խաղաղության հաստատման և հարակից պրոցեսների հետ։

2025 թվականը Վաշինգտոնի հռչակագրով արձանագրել է TRIPP նախագծի իրագործումը, որը շրջադարձային նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ողջ տարածաշրջանի համար: Թույլ տվեք, առավել ևս այսօր արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության՝ պատերազմի կամ հակամարտության փակուղուց խաղաղության խաչմերուկ դառնալու գործընթացը տեղի է ունենում շատ տեսանելի տեմպերով։ Պիտի ուրախությամբ արձանագրեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի ունեցած խաղաղության գործարքը, ինչը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դարձնում է առավել քան արդիական: Իհարկե TRIPP նախագծի շրջանակներում, ուզում եմ հիշեցնել, որ այդ նախագծի կարևորագույն նրբություններից մեկն այն էր, որ բացվում են ոչ միայն հաղորդակցության ուղիներն արևելքից դեպի արևմուտք, այլև հյուսիսից դեպի հարավ կամ հակառակ ուղղությամբ: Պիտի արձանագրեմ, որ այս գործընթացը՝ TRIPP նախագիծը միանշանակ և աներկբա բացելու է նաև Պարսից ծոց, Սև ծով հաղորդակցության ուղիները, ներառյալ՝ նաև, արդեն դրա մասին էլ բազմիցս խոսել ենք, Միջերկրական ծովի և Կասպից ծովի միջև հաղորդակցության ուղիները, որն ակնհայտորեն Հայաստանի Հանրապետությունը դարձնում է, դարձնելու է խաղաղության և տնտեսության խաչմերուկ։

Այս առումով ուզում եմ ասել, որ նաև 2025 թվականին մեր կայացրած որոշումներն արդեն գործնական արդյունք են տալիս Հայաստանի Հանրապետությունում: Այս դահլիճում հիշու՞մ եք այդ քննարկումները, հարգելի գործընկերներ, երբ մենք խոսում էինք Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ստորագրված երեք մտադրությունների հուշագրի մասին, այս դահլիճում շատ մեծ քննարկումներ էին այդ մասին, թե այդ մտադրությունների հուշագիրը, ում վրա ի՞նչ պարտավորություն է դնում, դա ի՞նչ է նշանակում, ի՞նչ ազդեցություն է ունենալու: Դա ընդամենը թղթի կտոր է, բայց ուզում եմ էլի այս տեմպը գործողությունների և զարգացումների մենք արձանագրենք, որովհետև մեծ է հավանականությունը և թույլ տվեք համոզմունք հայտնել, որ մեր կյանքի տեմպն է ընդհանրապես փոխվելու և մեր զարգացումների տեմպն է փոխվելու: 2026 թվականի օգոստոսի 8-ին կնքվում է Վաշինգտոնում նախագահ Թրամփի և իմ միջև Արհեստական բանականության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին մտադրությունների հուշագիր, որը լայնորեն քննադատվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ընդդիմության կողմից՝ որպես որևէ բան չնշանակող և ոչ մի առավելություն չտվող թուղթ: Եվ անցել է ընդամենը 10 ամիս, և Երևանի պետական համալսարանում մենք ունենք արհեստական բանականության կենտրոն և սուպեր համակարգիչ: Մենք Գագարին բնակավայրում ունենք արհեստական բանականության գործարան: Եվ արդեն իսկ նշանակված է, հունիսին, կարող է՝ հուլիսին է, որովհետև իմ օրակարգում արդեն դրված է, նաև Հրազդանում ունենալու ենք արհեստական բանականության երկրորդ գործարանը, որը 5 միլիարդ դոլարի ներդրումային պոտենցիալ ունի: Այստեղ էլ գալիս է այն հարցը, որի մասին ես խոսել եմ, որովհետև սրանով մեր խնդիրները ոչ թե պակասում են, այլ մեր խնդիրները ավելանում են, որովհետև արհեստական բանականության գործարանները էլեկտրական էներգիայի սպառումը, կարելի է ասել, ընդհուպ երկրաչափական պրոգրեսիայով մեծացնում են: Այն իրավիճակում, երբ ընդամենը մի տարի, տարիուկես առաջ կարող էինք համարել, որ էլեկտրականության շատ էական ավելցուկ ունենք, որը պետք է սպառելու տեղ գտնենք, այսօր արդեն չունենք: Այսօր արդեն պիտի մտածենք, թե ինչպիսի նոր հզորություններ գեներացնենք, որպեսզի 5 միլիարդ դոլար ներդրումային պոտենցիալը, որը հենց միայն «Firebird» ծրագրով ունենք, այդ պոտենցիալը իրացնենք։ Իհարկե, այս ուղղությամբ էլ շատ կոնկրետ գործողություններ ենք ձեռնարկում և ունենք լավ լուրեր այդ առումով. ընդամենն այս օրերին Արտաքին գործերի նախարարը այցով գտնվում է Եվրոպական Միությունում, արտաքին գործերի նախարարների ձևաչափով տեղի են ունեցել քննարկումներ, և Եվրոպական Միությունը վերահաստատել է իր հանձնառությունը Հայաստանում կուտակիչ կայանների զարգացման գործում արագացված աջակցություն ցուցաբերելու համար։ Սա նշանակում է, որ մենք մեծ քայլերով շարժվում ենք, շարժվելու ենք դեպի էներգետիկ ավելի լայն անկախություն և ավելի հուսալի անվտանգություն, որովհետև արդեն հայտնի փաստ է, որ մասնավորապես՝ արևային էներգետիկայի ոլորտում մենք ունենք, ըստ էության, անսահմանափակ պոտենցիալ, և մեզ մնում է պարզապես այդ պոտենցիալն իրացնել: Եվ իրացնելու այդ հնարավորություններն այսօր առարկայանում են, և մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Այսօր արդեն մենք ընդունել ենք Կառավարության ծրագիր, որով կուտակիչ կայանների մասնավոր հատվածում ներդրումը, նաև արտադրական հատվածում ներդրումը արագացնում և խթանում ենք, և այս տրամաբանությամբ պետք է գնանք առաջ։

Հարգելի գործընկերներ, իհարկե, հիմա ամփոփում ենք ընթացիկ ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները, և ես նաև այս առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավորներին այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքի համար, որովհետև իսկապես շատ դժվար ճանապարհ ենք անցել, բայց բանալի բառն անցնելն է, որովհետև այդ ճանապարհն անցել ենք և հույս ունեմ իմ բերած տվյալներով կարողացա հաղորդել այդ զգացողությունը, որ մենք այդ ճանապարհն անցնելով՝ հասել ենք բոլորովին այլ տեղ։

Իհարկե, մարտահրավերները նույնպես տեղում են և առարկայանում են, և պիտի արձանագրեմ, որ առաջինը մենք երկու անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի արտահայտությունը։ Ուզում եմ հիշեցնել՝ 2021 թվականին մենք ի՞նչ միջավայրում ենք իրականացրել խորհրդարանական ընտրությունները, և այդ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ազատ կամարտահայտման հնարավորություն են ունեցել: 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ կամարտահայտման հնարավորություն ունեցել են: Բայց ձեզ հայտնի պայմաններում և միջավայրում մենք բախվել ենք բոլորովին նոր մարտահրավերների, և այդ մարտահրավերներին արձագանքը, արձագանքելու պատշաճ մեխանիզմների ձևավորումը պետք է լինի առաջիկա մեր քաղաքական օրակարգի կարևորագույն հատվածը: Մասնավորապես՝ այսօր արդեն պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող և այդ տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս՝ Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքական ազդեցություն ունենալու։ Ես ուզում եմ արձանագրել, որ, այո, մենք պետք է հստակ արձանագրենք, որ ըստ էության, խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է իններորդ գումարման Ազգային ժողովում, այդ ընդդիմությունը կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է, կամ նույնիսկ չի կարելի ասել քաղաքական միավոր, և Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է այդ պրոցեսները և այդ շրջանակները զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից: Դրա համար Հայաստանի Հանրապետությունը պետք է ձեռնարկի միջոցներ, և մենք 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում նաև այդ պարտավորությունն ստանձնել ենք և վերաստանձնել ենք: Իհարկե նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացինեն իրավունք ունեին և ասեցին, հարցադրեցին, թե իսկ ինչո՞ւ այդ խնդիրները մինչև օրս լուծված չեն, մենք էլ փորձեցինք բացատրել, և իրականությունը հենց այդպիսին է, որ խաղաղության բացակայության միջավայրում նման հարցերի լուծումն էականորեն դժվարանում է, որովհետև գիտեք, պետք է շատ հստակ և ուղիղ ասել, և նախորդող շրջանում՝ 2021 թվականի ընտրություններին հաջորդած և 2020 թվականի ընտրություններին հաջորդած շրջանում Հայաստանի Հանրապետության Կառավարության և խորհրդարանական մեծամասնության գերկենտրոնացումը եղել է խաղաղության օրակարգը: Եվ բոլոր հնարավոր ուժերը և էներգիան կենտրոնացվել են այդ խնդրի լուծման վրա: Ու սա ունեցել է նաև շատ էական պատճառ՝ 2021 թվականի օգոստոսի 24-ին այս դահլիճում հաստատված Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրն սկսվում է արձանագրումով, որ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը ժողովրդի առաջ խորհրդարանական մեծամասնության և Կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունն է: Եվ մեծագույն ջանքերը և մեծագույն էներգիան ուղղվել է այդ պարտավորությունը կատարելու վրա՝ չնայած լավ լուրն այն է, և սա, իսկապես, շատ հիշարժան փաստ է, որ այս ընթացքում, ինչպես առիթ ունեցա նշելու, Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն շարունակել է բնականոն զարգացումը, այլև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճը, ըստ էության, բարձր է եղել նախորդող շրջանում և՛ աշխարհի միջինից, և՛ Եվրասիական տնտեսական միության միջինից: Բայց նաև պիտի ուղիղ ասեմ, այսպիսի շեշտադրմամբ թերևս առիթ չեմ ունեցել ասելու, որ այդ թվում՝ Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգի արմատախիլ անելու պրոցեսներն ակնհայտորեն - հիմա կարող եմ դրա մասին խոսել, որովհետև դա արդեն արտահայտվել է, դա արդեն բացահայտ է, դա արդեն ակնհայտ է, այլևս գաղտնիք չեմ ասում, պարզապես ձևակերպում եմ այն, ինչ բոլորի աչքի առաջ է - Հայաստանի Հանրապետության քրեաօլիգարխիկ ռեժիմն արմատախիլ անելու պրոցեսներն ուղեկցվել են և պիտի ուղեկցվեին, այդ թվում՝ արտաքին ազդեցություններով, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Եվ դրանք նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության համար կարող էին բերել որոշակի սպառնալիքներ: Եղել են, այո՛ իրավիճակներ, չեմ ուզում սա այլևս թաքցնել, երբ մենք հասել ենք մի գծի, երբ հասկացել ենք, որ ազդեցության հետագա շարունակությունը կարող է բերել այնպիսի հակազդեցություններ, որոնք ընդհուպ՝ գոյաբանական հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության համար անվտանգության սրված սպառնալիքների տեսքով: Եվ սա մի բան է, որը ես պարտավոր եմ ասել և արձանագրել Ազգային Ժողովի ութերորդ գումարման Ազգային Ժողովի աշխատանքներն ամփոփելիս: Այսօր, այդ թվում՝ իմ նշած հանգամանքների բերումով այդ ռիսկերը հաղթահարված են, հետևաբար, էլի եմ ուզում ասել, նախորդող շրջանում չի եղել մի րոպե, մի վայրկյան, երբ մենք կոմպրոմիս ունենանք քրեաօլիգարխիկ համակարգի հետ: Չի եղել ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան: Պարզապես մենք մեզ հաշիվ ենք տվել, որ կան իրավիճակներ, երբ մեզ կրկնակի, եռակի շրջահայացություն է հարկավոր, ընդհուպ՝ դանդաղկոծություն է հարկավոր, որպեսզի արտաքին այնպիսի ազդեցություններ չսադրենք, որոնք Հայաստանի համար բերելու են այնպիսի ազդեցություններ, ինչպիսին ունեցանք, օրինակ, 2022 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Հիմա ես պատասխանատու կերպով ասում եմ, որ այդ բոլոր ռիսկերը հաղթահարված են և այդ բոլոր ռիսկերը կառավարված են և այդ ռիսկերը, ըստ էության, այլևս գոյություն չունեն, և հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությանը, ժողովրդին և քաղաքական մեծամասնությանը ոչինչ չի խանգարում կենտրոնանալ Հայաստանի Հանրապետությունում քրեական օլիգարխիան, ներառյալ՝ ընտրակաշառք բաժանող ուժերի արմատախիլ անելու գործընթացին: Այդ գործընթացը, կարող եմ ասել, որ արդեն իսկ սկսված է և այդ գործընթացը որևէ ձևով չի կարող կասեցվել, այդ գործընթացը գնալու է մինչև վերջ: Ես համոզված եմ, որ առաջիկա տարիներին պետական բյուջեի կատարման հաշվետվության մասին խոսելիս, ես ավելի ու ավելի մանրամասն այս թեմայով Ազգային ժողովին հաշվետվություն ներկայացնելու առիթ կունենամ:

Բայց, այնուամենայնիվ, չեմ կարող չընդգծել, որ ի հեճուկս այս բոլոր մարտահրավերների, 2018 թվականից մինչև մինչև 2026 թվականը մենք շուրջ 8 միլիարդ դոլար ստվերային կամ գողացված կամ թալանված կամ ապօրինի ձևով օտարված միջոցներ վերադարձրել ենք Հայաստանի Հանրապետությանը, և այդ պրոցեսն այսօր էլ շարունակվում է։ Ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում թալանված գույքի դրամական միջոցների վերադարձը դարձել է ամենօրյա լրահոսի անբաժանելի մաս: Ամենօրյա, ամենշաբաթյա, ամենամսյա ռեժիմով մենք դա տեսնում ենք, և իհարկե, որևէ կասկած չկա, որ այդ տեմպերը գնալով մեծանալու է և արագանալու է:

Հարգելի գործընկերներ, էլի հաշվի առնելով, որ ըստ էության, պետական բյուջեի կատարման հաշվետվության ձևաչափով սա ութերորդ գումարման Ազգային Ժողովի իմ վերջին ելույթն է, որովհետև բյուջեի ձևաչափով նման ելույթ այլևս չեմ ունենալու, կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ութերորդ գումարման Ազգային Ժողովին այս ընթացքում համատեղ աշխատանքի և համատեղ արձանագրած արդյունքների համար:

Շնորհակալ եմ:

 

 

Հայերեն

Աբբաս Արաղչին ու Ժոզեֆ Աունն ընդգծել են ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Հայկական «ԲուՏեխ» և ֆրանսիական «Թալես» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել

ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքները քննող նիստ է անցկացվել

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

Կազանում կանցկացվի Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում

Մեր նպատակը Ռուսաստան արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ. Էկոնոմիկայի նախարար