Ռուբինյանը Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու քաղաքական հիմքեր է տեսնում
4 րոպեի ընթերցում
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի համոզմամբ՝ քաղաքական առումով առկա են բավարար հիմքեր՝ պնդելու, որ Գյումրիում ավագանին պետք է ցրվի, և նոր ընտրություններ կազմակերպվեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբեն Ռուբինյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Փաստ է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում հավաքել է 50 տոկոսից ավելի ձայներ։ Արդյոք սա ավտոմատ տեխնիկապես նշանակո՞ւմ է, որ Գյումրիի ՏԻՄ-ում պետք է լինեն նոր ընտրություններ՝ չի նշանակում, բայց ես կարծում եմ, որ քաղաքականապես նշանակում է՝ կան բավարար հիմքեր պնդելու, որ պետք է Գյումրիում ավագանին ցրվի, և նոր ընտրություններ կազմակերպվեն»,-համոզմունք է հայտնել Ռուբինյանը։
Բացի այդ՝ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է կաշառք վերցնելու մեղադրանքով։
Ըստ Ռուբինյանի՝ այս ամենը հստակ ցույց է տալիս, որ Գյումրիի քաղաքապետարանում լեգիտիմության ճգնաժամի խնդիր կա, որը պետք է լուծվի։
Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գյումրիում ունեցած ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս խոսել էր Գյումրիում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։
Ընթացիկ տարվա հունվարին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնց համաձայն՝ Գյումրի համայնքի ղեկավարը և համայնքի գլխավոր ճարտարապետը նախնական համաձայնությամբ պահանջել և ստացել են կաշառք։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ութ անձի նկատմամբ, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
ՀՀ քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ 2026 թվականի հունիսի 5-ին ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ խմբի կազմում, 2025 թվականի ընթացքում ՀՀ-ում տարբեր անձանց հետ հանդիպումների և համակիրների հավաքագրման միջոցով առերևույթ կատարել են ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակներով՝ ՀՀ իշխանությունը յուրացնելուն ուղղված նախապատրաստական գործողություններ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը:
Վարդան Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
Գյումրիում ավագանու ընտրություններն անցկացվել են անցած տարվա մարտի 30-ին։
Գյումրու ընտրություններին մասնակցել են 6 կուսակցություն և 3 դաշինք, անցողիկ շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների, 6 տոկոս՝ դաշինքների համար) հաղթահարել են 5-ը։ 14 մանդատ է (17188 քվե) ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 8 մանդատ (9727 քվե)՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, 6 մանդատ (7380 քվե)՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, 3 մանդատ (3739 քվե)՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, և 2 մանդատ (2904 քվե)՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։
Գյումրիում անցած տարվա ապրիլի 16-ին տեղի ունեցած ավագանու առաջին նիստում Գյումրի համայնքի ղեկավար է ընտրվել Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը։