Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը

4 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների հետ Իրանի գլխավոր բանակցող և Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ընդգծել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական ​​​​ընթացիկ ուղու պարտավորությունների կատարման կարևորությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվականը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունը։

Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ու հանձնառությունները պետք է պահպանվեն՝ առանց «եթե»-ների, «բայց»-երի կամ էլ արդարացումների։

«Առջևում սպասվող գործարքի համար այլ ճանապարհ չկա։ Դուք հնձում եք այն, ինչ ցանում եք», - հայտարարել է Ղալիբաֆը։

Իրանի խորհրդարանի ղեկավարի այս հայտարարությունը հնչել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի կողմից արված հայտարարություններից հետո, որով Իրանի ԱԳ նախարարը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում կնքվելիք փոխըմբռնման հուշագիրը երբեք այնքան մոտ չի եղել ավարտին, որքան այժմ։

Նա հավաստիացրել էր, որ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի բոլոր մանրամասները կհրապարակվեն պատշաճ ժամանակին: 

«Մինչև դրա ավարտը և վերջնական հաստատումը, լրատվամիջոցները պետք է զերծ մնան դրա բովանդակության վերաբերյալ ենթադրություններ անելուց: Մեր պատասխանատու և թափանցիկ մոտեցմանը համապատասխան՝ բոլոր մանրամասները կհրապարակվեն պատշաճ ժամանակին»,-հայտարարել էր Իրանի արտգործնախարարը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կեղծ էր որակել իրանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները Իրանի հետ համաձայնագրի նախագծի վերաբերյալ՝ հայտարարելով, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանն ու գրավոր համաձայնեցված պայմաններին: 

ԱՄՆ նախագահի պարզաբանմամբ՝ իրանական լրատվամիջոցների պնդումները, այդ թվում՝ համաձայնության հասնելու վերաբերյալ, իրականության հետ որևէ կապ չունեն: Իր գրառման մեջ Թրամփը միաժամանակ Հորմուզի նեղուցից դուրս եկող հնդկական նավերին անօդաչու թռչող սարքերով հարվածելու մեջ է մեղադրել Իրանին՝ բացարձակապես անընդունելի համարելով դա: 

Իրանական Mehr լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը բաղկացած է 14 կետից, որոնց թվում է Հորմուզի նեղուցի բացումը, նավթի վաճառքի հետ կապված պատժամիջոցների վերացումը։ 

Ըստ գործակալության՝ փաստաթուղթը ներառում է հետևյալ համաձայնեցված դրույթները՝ բոլոր ճակատներում մարտերի անհապաղ դադարեցում, այդ թվում՝ Լիբանանում, 30 օրվա ընթացքում ծովային շրջափակման վերացում և ԱՄՆ ուժերի դուրսբերում Իսլամական Հանրապետությանը սահմանակից տարածքներից, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի վերակառուցման առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագրերի ներկայացում, իրանական նավթի և նավթամթերքի վաճառքի նկատմամբ պատժամիջոցների դադարեցում։

Բացի այդ, ըստ փաստաթղթի, Իրանը և ԱՄՆ-ն 60 օրվա ընթացքում կանցկացնեն միջուկային հարցի շուրջ բանակցություններ, որոնց արդյունքներով կստորագրվի համաձայնագիր։

Ըստ գործակալության՝ միջուկային հարցի շուրջ բանակցություններ սկսելու համար Իրանը որպես պայման է առաջադրել 12 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցումը, շրջափակման վերացումը և նավթային պատժամիջոցների դադարեցումը։

Գործակալության տվյալներով, այնուամենայնիվ, Իրանի հրթիռային ծրագրի և տարածաշրջանում «դիմադրության առանցքի» ուժերի աջակցության հարցերը չեն ներառվել ԱՄՆ-Իրան հուշագրի տեքստում։

Հայերեն English Русский