Առանց ընտրակաշառքի պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերից որևէ մեկը չէր հաղթահարի խորհրդարան անցնելու շեմը. Փաշինյան
4 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ առանց ընտրակաշառքի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէին հաղթահարի խորհրդարան անցնելու շեմը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ կա՞ արդյոք պատկերացում կամ մեխանիզմ գնահատելու, թե քաղաքական ուժերի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքերը ինչ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։
«Ինչ վերաբերում է պատերազմի եռագլուխ կուսակցությանը՝ առանց ընտրակաշառքի նրանցից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ տեղի ունեցածի համար պատասխանատվություն ունի նաև դատաիրավական համակարգը։
«Այստեղ տեղի ունեցածի մեջ նաև դատաիրավական համակարգի պատասխանատվությունն է, որովհետև նախորդ ընտրություններում ընտրակաշառք տվածները ոչ միայն բանտում չեն, այլ նաև այս գործընթացում էլ շարունակել են իրենց գործունեությունը»,- նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ դատաիրավական համակարգը պետք է հանրությանը հստակ պատասխաններ տա։
«Դատաիրավական համակարգը պետք է հանրությանը պատասխաններ տա, և հանրությունը պետք է ստանա հստակ պատասխան, թե ինչու է ֆինանսավորում դատաիրավական համակարգը, եթե հանցագործները շարունակում են փողոցներում ոչ միայն պտտվել, այլ նաև իրենց հանցագործությունները շարունակել։ Ես այս հարցերի պատասխանները ստանալու եմ»,- եզրափակեց Փաշինյանը։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։
Նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս։ Ստացած ձայների շնորհիվ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս։
Անցողիկ շեմին՝ 4 տոկոսին, շատ մոտ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նախնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել է 3,996 տոկոս ձայն։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանը պակասում է 0,004 տոկոսային կետ։
ԲՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ՝ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։
Այս պահին ընթանում է ձայների վերահաշվարկ, ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն հունիսի 14-ին։
Նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ էր ուղարկում «Ուժեղ Հայաստան» դաշինքի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքեր բացահայտելու մասին՝ ներկայացնելով նաև դրանց մասին վկայող ձայնագրություններ։