Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը։

Նշվում է, որ բանաձևը ներկայացվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի (դեմոկրատ, Կալիֆոռնիա) կողմից, քննարկվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. իսկ այժմ սպասվում է, որ այն քվեարկության կդրվի հանձնաժողովում:

Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին:

«Հաշվի առնելով ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ փաստագրված մահապատիժները, այդ թվում՝ մի քանի մահապատիժներ, որոնք ձայնագրվել և տարածվել են սոցիալական ցանցերում, ինչպես փաստաթղթավորվել է Human Rights Watch-ի կողմից, կենսականորեն կարևոր է, որ Միացյալ Նահանգները հստակորեն պաշտպանի բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը», - հանձնաժողովում քննարկման ժամանակ ասել է Բրեդ Շերմանը:

Հաղորդվում է, որ ներկայացուցիչ Շերմանը նաև պատանդների ազատ արձակումը որակել է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հարավային Կովկասում խաղաղության ջանքերի անմիջական մաս:  

«Քանի որ նախագահ Թրամփը շարունակում է Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն ապահովելու իր ջանքերը, հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակումը կլինի նշանակալի քայլ այս նվաճման ուղղությամբ»,-նշել է նա։  

Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար պահել 19 հայ գերիների, որոնց թվում են նաև Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Նրանց նկատմամբ կեղծ մեղադրանքներով ազատազրկման դատավճիռներ են կայացվել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում