Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
2 րոպեի ընթերցում

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների՝ գրոհել են տարածաշրջանում ամերիկյան 20-ից ավելի օբյեկտի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական պետական IRIB հեռուստառադիոընկերությունը։
«Իրանական տարածքի դեմ ԱՄՆ-ի գիշերային ագրեսիային ի պատասխան՝ գրոհի է ենթարկվել տարածաշրջանում ամերիկյան շահերը ներկայացնող ԱՄՆ-ի 21 օբյեկտ», - մեջբերել է հեռուստառադիոընկերությունը բանակի հայտարարությունը։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ամերիկացի զինվորականներն ավարտել են Իրանին հարվածները, որոնք իրականացվել էին՝ ի պատասխան ամերիկյան Apache ուղղաթիռի վրա գրոհի։ Ինչպես պնդում է CENTCOM-ը, գործողության ընթացքում խոցվել են իրանական ՀՕՊ օբյեկտներ, կառավարման ցամաքային կայաններ և Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող հսկողության ռադիոտեղորոշիչ կայաններ։
Իրանական Mehr լրատվական գործակալությունն էլ, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությանը, հաղորդում է, որ իրանցի զինվորականները ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք են խոցել իրանական Բուշերի նահանգում։ Նշվում է, որ անօդաչուն մոտենում էր Պարսից ծոցի հյուսիսային կողմից, սակայն ՀՕՊ ստորաբաժանումները կալանել ու ոչնչացրել են այն։