3 րոպեի ընթերցում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները՝ ընդգծելով, որ այդ հարցերը շարունակում են մնալ մարդու իրավունքների պաշտպանության ամենակարևոր ուղղություններից մեկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Մանասյանը պատասխանել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ ՄԻՊ գրասենյակ մուտք գործող բողոքների և դրանց մշտադիտարկման վերաբերյալ հարցին։
Պաշտպանը նշել է, որ ՄԻՊ հաստատության կողմից վարվող վիճակագրությունը չի արտացոլում հանրապետությունում արձանագրված ընտանեկան բռնության բոլոր դեպքերը, քանի որ հաստատությունը նման գործերով անմիջական վարույթ իրականացնող մարմին չէ։
«Մեր կողմից վարվող վիճակագրությունը վերաբերում է բացառապես մեր հաստատությունում ստացվող բողոքներին, իսկ ընդհանուր վիճակագրությունը շատ ավելի մեծ է»,- ասել է նա։
Մանասյանի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակին ուղղված դիմումները հիմնականում վերաբերում են երկու իրավիճակի՝ երբ քաղաքացիները դիմում են խորհրդատվություն և ուղղորդում ստանալու նպատակով կամ երբ դժգոհում են պետական մարմինների գործողություններից։
«Օրինակ՝ քաղաքացին կարող է բողոքել, որ իր գործով պետական մարմնի կողմից պատշաճ արձագանք չի եղել կամ իր անձնական տվյալները փոխանցվել են բռնարարին»,- նշել է Պաշտպանը։
Նա ընդգծել է, որ ՄԻՊ-ին դիմող անձանց զգալի մասը ընտանեկան բռնության զոհեր են, սակայն դիմումների մի մասն առնչվում է նաև տարբեր տեսակի աջակցության և ծառայությունների տրամադրմանը։
Անդրադառնալով մարզերից ստացվող դիմումներին՝ Մանասյանը նշել է, որ հաստատությունը բազմաթիվ բողոքներ է ստանում նաև Հայաստանի մարզերից և հեռավոր բնակավայրերից։
«Մենք իրականում բազմաթիվ դիմումներ և բողոքներ ունենք, որոնք հենց մարզերից են քաղաքացիները ներկայացնում ընտանեկան բռնության հարցերով»,- ասել է նա։
Պաշտպանի խոսքով՝ դիմումների մեծ մասը ներկայացվում է կանանց կողմից, որոնք ենթարկվել են ընտանեկան բռնության, սակայն գրասենյակն արձանագրում է նաև ընտանիքի այլ անդամների նկատմամբ բռնության վերաբերյալ դիմումներ։
«Սովորաբար դիմում-բողոքները վերաբերում են ընտանիքում կնոջ նկատմամբ բռնությանը, բայց մենք ունենք նաև դիմումներ ընտանիքի այլ անդամների կողմից բռնության ենթարկվելու առնչությամբ»,- նշել է Մանասյանը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովին և պատգամավորներին ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումների համար՝ ընդգծելով, որ ընտանեկան բռնության կանխարգելման հարցերը շարունակում են մնալ առաջնահերթություն։