Մոլդովայի նախագահ Սանդուն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
2 րոպեի ընթերցում

Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Heartfelt congratulations to @NikolPashinyan on your election victory, won despite massive foreign interference. Moldova and Armenia share a commitment to peace and stability in Europe, and I look forward to deepening our dialogue and working closely together in the years ahead.
— Maia Sandu (@sandumaiamd) June 8, 2026
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, որը ձեռք է բերվել՝ չնայած արտաքին լայնածավալ միջամտություններին։ Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության և կայունության ապահովման հանձնառությունը, և ես անհամբեր սպասում եմ մեր երկխոսության խորացմանն ու առաջիկա տարիներին սերտ համագործակցությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X սոցիալական հարթակում նշել է Սանդուն։
Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։