Հայաստան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, կողմերն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված ընտրական բնույթի հանցագործությունների քննության կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին, ինչպես նաև ընտրական գործընթացների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու գործում Կոմիտեի դերակատարմանը:

Անդրադառնալով կառույցի կողմից ընտրական հանցագործությունների դեմ տարվող հետևողական պայքարին և վերջին շրջանում արձանագրված բազմաթիվ բացահայտումներին՝ Կոմիտեի նախագահը փաստել է, որ դրանք հիմնականում վերաբերում են ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերին: Արթուր Նահապետյանը ներկայացրել է որոշ վիճակագրան տվյալներ՝ նշելով, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է ընդհանուր 89 քրեական վարույթ, ձերբակալվել է 128 անձ: Քրեական հետապնդում է հարուցվել 142-ի նկատմամբ: Նրանցից 65-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքն ու տնային կալանքը, իսկ 34 մեղադրյալի վերաբերյալ նախաքննությունն արդեն իսկ ավարտվել է:

Միաժամանակ, Արթուր Նահապետյանն ընդգծել է, որ ընտրական հանցագործությունների բացահայտումներից բացի, Հակակոռուպցիոն կոմիտեի համար շատ ավելի կարևոր է նման դեպքերի կանխումն ու նախականխումը, որի ուղղությամբ ևս Կոմիտեն գործուն քայլեր է ձեռնարկում:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը:   

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում