Գեղարքունիքի մարզի համայնքներում նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը
3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Մարտունի, Սևան և Ճամբարակ համայնքներում ընթանում են Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումեր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի համայնքապետարաններից, միջոցառումներն անցկացվում են մարզի գրեթե բոլոր բնակավայրում՝ հրապարակներում, նախակրթական հաստատություններում, խաղահրապարակներում՝ երեխաների, նրանց ծնողների, դաստիարակների, առանձին կազմակերպությունների մասնակցությամբ։
Գավառի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ հունիսմեկյան միջոցառումը Գավառ քաղաքում նշանավորվել է Ազատության փողոցի բազմաբնակարան շենքերի բակում վերջերս կառուցված նոր խաղահրապարակի և մարզահրապարակի բացման արարողությամբ։
Մարզահրապարակը կառուցվել է «Մասնակցային բյուջետավորում 2025» ծրագրի շրջանակներում՝ բնակիչների նախաձեռնությամբ:
Գավառի փոքրիկների համար երկրորդ անակնկալը կմատուցվի երեկոյան՝«Ժակի բուլվար» զբոսայգում բացօթյա կցուցադրվի «Մի անգամ դպրոցում» ֆիլմը։
Սևանի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Սևան քաղաքի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում համայնքային մշակութային կենտրոնի, մանկապարտեզների սաների մասնակցությամբ կազմակերպվեց համերգային և ժամանցային ծրագիր, որի ընթացքում հնչեցին երգեր, ներկայացվեցին պարային կատարումներ, երեխաների ժամանցն ապահովվեց խաղերի միջոցով:
Սևանի համայնքապետարանի հովանավորությամբ փոքրիկների օրը լիարժեք են դարձրել մուլտհերոսները և խաղավարը՝ կազմակերպելով խաղեր, մրցույթներ:
Ծրագիրն ուղեկցվել է կավճանկարչությամբ:
Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների մեկնարկը տրվել է Մարտունի քաղաքի Ալ․ Մյասնիկյանի անվան հրապարակում կազմակերպված համերգային ու խաղային հատուկ ծրագրով։ Երեխաների տոնը հեքիաթային ու տպավորիչ են դարձնում խաղավարը, մեկ ակնանի հեծանվորդը, ժանգլյորը, երկու աճպարարներ, հեքիաթի սիրված հերոսները՝ LOL տիկնիկը, գայլը, նապաստակը, Սպայդերմենը, Բեթմենը, Թոմը և Չեբուռաշկան, ինչպես նաև երեք հսկա հերոս՝ պանդա արջուկը, սպիտակ արջուկը և teddy արջուկը։
Միջոցառման ավարտին փոքրիկներին սպասվում է նրանց սիրելի թղթե շոուն, իսկ ողջ օրվա ընթացքում տոնական տրամադրությունը կապահովեն mix show ծրագրերը՝ խաղերով, պարերով և ֆլեշմոբով։
Մշակույթի կենտրոնի դահլիճում կցուցադրվի «Բարեկենդանը» հեքիաթի մոտիվներով ներկայացում՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանների մասնակցությամբ։
Տոնի բոլոր փոքրիկ մասնակիցների համար նախատեսված է նաև անվճար պաղպաղակ։
Միջոցառումը նախաձեռնել և ֆինանսավորել է Մարտունիի համայնքապետարանը։