Սոթքում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 12 ծրագիր է իրականացվել
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 12 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 834 միլիոն 530 հազար դրամ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից 8-ը սուբվենցիոն են՝ 492 միլիոն 484 հազար դրամ ընդհանուր արժեքով, և 4-ը՝ պետական՝ 1 միլիարդ 418 միլիոն 482 հազար դրամ ընդհանուր արժեքով։
Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականներին Սոթքում կառուցվել է 11121 մետր խմելու, 4088 մետր ոռոգման ներքին ու արտաքին ջրատար ցանցեր, 6070 մետր արտաքին լուսավորության ցանց, 10000 գծամետր գազատար ցանց, 4 առանձնատուն, վերանորոգվել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված 110 բնակարան, հիմնանորոգվել 400 գծամետր ներհամայնքային նշանակության ճանապարհ։
«Հայաստանի Հանրապետության բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրի շրջանակներում 2024 թվականից ընթացքի մեջ են 72 նորակառույց բնակարանների շինարարական աշխատանքները՝ 1 միլիարդ 152 միլիոն դրամի ներդրմամբ։ Նորակառույց բնակարանների 80 տոկոսն արդեն պատրաստ է շահագործման։
Ադրբեջանի զինուժի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով հիմնովին քանդված 4 բնակարան հիմքից կառուցվել ու շահագործվել է 2024 թվականի դեկտեմբերից՝ պետբյուջեի միջոցների հաշվին։ Այդ բնակարանների կառուցման ու հրետակոծության հետևանքով վնասված 110 բնակարանի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 190 միլիոն դրամ» նշեցին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։