Մշակույթ

«Վիշապն ու Վահագնը» անիմացիոն ֆիլմի ցուցադրությամբ ազդարարվեց վիշապաքարերին նվիրված նախագծի մարզային միջոցառումների շարքի մեկնարկը

5 րոպեի ընթերցում

«Վիշապն ու Վահագնը» անիմացիոն ֆիլմի ցուցադրությամբ ազդարարվեց  վիշապաքարերին նվիրված նախագծի մարզային միջոցառումների շարքի մեկնարկը

«Վիշապների պահապանները» հայկական վիշապաքարերին նվիրված կրթական-մշակութային նախագծի նպատակն է հանրայնացնել Հայկական լեռնաշխարհի բացառիկ հնագիտական հուշարձանները՝ վիշապաքարերը, և երիտասարդ սերնդին ինտերակտիվ ու ժամանակակից ձևաչափերով հաղորդակից դարձնել մեր հնագույն առասպելաբանությանն ու մշակութային ժառանգությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի շրջանակում Հայաստանի մարզերում կիրականացվի կրթական ու մշակութային միջոցառումների լայնածավալ շարք, որի սկիզբն ազդարարվեց մայիսի 27-ին «Վիշապն ու Վահագնը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի պրեմիերայով, որը տեղի ունեցավ «Կինոմոսկվա»-ում։

Դահլիճում ներկա թե՛ փոքրիկները, թե՛ մեծահասակները համակ ուշադրությամբ դիտեցին վառ գույներով, հետաքրքիր սյուժեով ու գեղեցիկ պատկերներով ֆիլմը։ Շատերն ափսոսանքով լցվեցին, երբ այն վերջացավ։

Ֆիլմը, որն արտադրել է «ՕնՕֆֆ» ստուդիան, հիմնված է Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի վրա։

Արտավազդ Եղիազարյանը պատմեց, որ տասը տարի առաջ է մտածել գրքով անդրադառնալ վիշապաքարերին։ «Պարբերաբար անցնում էի «Պոպլավոկ» սրճարանի այգու մոտով, որտեղ մի հրաշալի հուշակոթող կա, որը շատերն այն ժամանակ ընդհանրապես չէին նկատում։ Դա վիշապաքար է, որը Գեղամա լեռներից Երևան է բերվել 1970-ականներին։ Կոթողն ունի 4 կամ 5 հազար տարվա պատմություն։ Ամեն անգամ այն իմ հետաքրքրությունը շարժում էր, մի օր էլ հասկացա, որ պետք է գրել պատմություն  բոլորիս ծանոթ արկածների շուրջ, որի գլխավոր հերոսները կլինեն ժամանակակից Երևանից, որոնք կծանոթանան առասպելական երևույթների հետ, իսկ վիշապն առասպելական էակ է, պարզապես տարբեր ազգեր տարբեր կերպ են պատկերացնում նրան»,-ասաց հեղինակը։

Եղիազարյանն ուսումնասիրել է  ոլորտը, մտքում գծագրել կերպարներին, հայկական առասպելների հետ է համադրել ժամանակակից քաղաքն ու իր մանկության ապրումները։

«Կան գիտնականներ, որոնք տարիներ շարունակ զբաղվում են վիշապաքարերի ուսումնասիրությամբ, սակայն դրանք շարունակում են առեղծվածային լինել։  Շատ երեխաներ, անգամ ծնողներ հենց իմ գրքի շնորհիվ են սկսել հետաքրքրվել վիշապաքարերով, տեղեկացել, որ Երևանում վեց կամ յոթ վիշապաքար կա։ Գիրքը դարձել է կրթամշակութային երևույթ, ինչի համար ուրախ եմ»,-ասաց Եղիազարյանը։

Ֆիլմի պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանը հիշեց, որ մի օր Արտավազդ Եղիազարյանն այցելել է իրենց գրասենյակ ու առաջարկել գրքի հիման վրա  անիմացիոն ֆիլմ նկարահանել։ Չնայած զբաղվածությանը՝ Խաչատրյանը որոշել է կարդալ գիրքն ու մի ամբողջ օր է նվիրել ընթերցանությանը, քանի որ այն իրեն չափազանց դուր է եկել։ Քննարկել են գաղափարն ու երկու տարի անց ծնվել է անիմացիոն ֆիլմը։

«Սա մի մեծ նախագծի սկիզբն է։ Սա կրթամշակութային նյութ է, որը պետք է հետաքրքրություն առաջացնի վիշապաքարերի նկատմամբ։ Այդ կոթողների մեջ  կախարդանք կա, որը, հույս ունեմ, կփոխանցվի երեխաներին, և նրանք կդառնան վիշապաքարերի պահապաններ, որովհետև մեր պատմական ժառանգությունը կարիք ունի պահպանման ու արժևորման»,-շեշտեց պրոդյուսերը։

Ֆիլմին հաջորդեց ինտերակտիվ զրույց վիշապաքարերի պատմության, դրանց խորհրդի և պահպանման կարևորության մասին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանի հետ, այնուհետև փոքրիկ և մեծահասակ հանդիսատեսին ներկայացվեց «Տիեզերք» բենդի հեղինակած նոր երգը, տեղի ունեցավ նախագծի հատուկ կրթական գրքույկի շնորհանդեսը։

Նախագծի ստեղծագործական և գիտական թիմը անիմացիոն ֆիլմի երևանյան ցուցադրությունից հետո կմեկնի մարզեր՝ տեղի պատանիների համար իրականացնելու բացառիկ ցուցադրություններ և կրթական հանդիպումներ։  Առաջիկա կանգառները կլինեն Արմավիրում, Հրազդանում, Չարենցավանում։

Հունիսի 9-ից միջոցառումները կշարունակվեն Նաիրի, Աբովյան, Աշտարակ, Ապարան, Սևան և Գավառ համայնքներում։ Միջոցառումներից հետո սոցիալական հարթակներում կանցկացվեն վիշապաքարերի վերաբերյալ քվեստներ, իսկ քվեստի հաղթողները կարժանանան արկածներով լի նվերի՝ գիտարշավ դեպի Արագածոտնի մարզի իրական վիշապաքարեր։

Միջոցառումների համահայկական շարքն իրականացվում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Մշակույթը՝ գործոն» ՀԿ-ի և «Օնօֆֆ» ստուդիայի նախաձեռնությամբ։ Աջակիցներ են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում