Ծովասարում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 10 ծրագիր է իրականացվել
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 10 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 809 միլիոն 580 հազար 253 դրամ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերով 2018-2025 թվականներին Ծովասարում կառուցվել է մանկապարտեզի շենք, 7500 մետր ոռոգման, 2000 մետր խմելու ջրատար ցանցեր, հիմնանորոգվել 4733 գծամետր ներհամայնքային նշանակության ճանապարհ։
Ծովասարի մանկապարտեզի շենքը կառուցվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ 2020-2023 թվականների ընթացքում։ Շենքի կառուցման, բակային հատվածի բարեկարգման, գույքի ձեռքբերման ուղղությամբ ծախսվել է շուրջ 220 միլիոն դրամ։ Արդի չափորոշիչներին համապատասխանող մանկապարտեզն իր դռները գյուղի նախադպրոցական տարիքի երեխաների առջև բացել է 2025 թվականի մայիսին։ Այն այժմ գործում է 4 խմբով՝ 100 սանով։ Ծովասար գյուղը երբևէ գործող մանկապարտեզ չի ունեցել։