Լեռնակերտում ավարտվում են ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լեռնակերտ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում ոռոգման ներքին ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Լեռնակերտի ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 13 միլիոն 459 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է ոռոգման ներքին ցանցի կառուցում Լեռնակերտի 1-ին և 2-րդ փողոցներում՝ 500 գծամետր երկարությամբ, երկաթբետոնե կիսախողովակներով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են մարտից և արդեն իրականացվել են շուրջ 90 տոկոսով։
Ծրագրի իրականացման արդյունքում այս տարվա ոռոգման շրջանի մեկնարկից արդեն Լեռնակերտի տնտեսությունները շուրջ 15 հեկտար հողամասերում ոռոգման ջուրը կստանան անկորուստ ու ժամանակին։