Մարզեր

Մարտունի քաղաքում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 26 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 26 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում  2018-2025 թվականներին սուբվենցիոն ու պետական ծրագրերով սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 26 ծրագիր է իրականացվել, որի ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 8 միլիարդ 19 միլիոն 500 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված 26 ծրագրից 21-ը սուբվենցիոն են, որոնց ուղղությամբ ծախսվել է 2 միլիարդ 619 միլիոն 500 հազար դրամ, իսկ 5-ը պետական է՝ ծախսվել է 5 միլիարդ 400 միլիոն դրամ։

Իրականացված աշխատանքների արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Մարտունիում կառուցվել է արդի չափորոշիչներին համապատասխանող բժշկական կենտրոն, 36850 քմ մակերեսով սալիկապատ մայթեր,  26195 մետր արտաքին լուսավորության ցանց, 1256 մետր գազատար, 926 մետր ոռոգման ցանց, 950 մետր երկարության խմելու ջրատար ցանց, 300 մետր կոյուղագիծ, հիմնանորոգվել են 15294 մետր երկարության ներհամայնքային, միջպետական ու մարզային նշանակության ճանապարհներ, Մարտունիի համայնքապետարանի շենքը, 9 բազմաբնակարան շենքերի տանիքներ։   

Մարտունիի բժշկական կենտրոնը շահագործվել է 2023 թվականի վերջին, որի կառուցման, կահավորման ու տեխնիկական վերազինման ուղղությամբ ծախսվել է 3 միլիարդ 400 միլիոն դրամ։ Պետական ծրագրերի շրջանակներում 2022-2025 թվականների ընթացքում հիմնանորոգվել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Մարտունիով անցնող 3 կիլոմետրանոց հատվածը, Մարտունի-Ներքին Գետաշեն ճանապարհի՝ Մարտունիով անցնող 1 կիլոմետրանոց հատվածը, Սայաթ-Նովա փողոցը։ 2025 թվականի հոկտեմբերից ընթանում են Երևանյան և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Պետական ծրագրերով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 2 միլիարդ 297 միլիոն 777 հազար դրամ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում