Ռուսաստանն արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի ներմուծումն ու վաճառքը
1 րոպեի ընթերցում

«Ռոսպոտրեբնադզոր»-ն արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Meduza-ն՝ վկայակոչելով «Ռոսպոտրեբնադզոր»-ի հայտարարությունը։
«Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատների, քլորի և սուլֆատների պարունակության գերազանցում։ Բուժիչ նշանակություն ունեցող արտադրանքների մասին մոլորեցնող տեղեկությունները կարող են հանգեցնել բուժման անարդյունավետության ու առողջության վատթարացման»,- ասված է կառույցի հայտարարության մեջ։
Արգելքն ուժի մեջ է մտել անմիջապես։
Հիշեցնենք, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ը այս տարվա ապրիլի վերջին արգելել էր «Ջերմուկ» հանքային ջրերի խմբաքանակի ներմուծումն ու վաճառքը, որն արտադրվել էր 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի փետրվարի 17-ը։ Այդ ժամանակ էլ հայտարարվել էր, թե հանքային ջրերում հայտնաբերվել է հիդրոկարբոնատների, քլորի և սուլֆատների պարունակության գերազանցում։
Հիշեցնենք նաև, որ 2026 թվականի մայիսի 20-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակումներ էր կիրառել Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա։