Եվրոպա

Բուլղարացի գրողն ընդգրկվել է Բուքերյան մրցանակի 2026 թվականի թեկնածուների կարճ ցուցակում. BTA

2 րոպեի ընթերցում

Բուլղարացի գրողն ընդգրկվել է Բուքերյան մրցանակի 2026 թվականի թեկնածուների կարճ ցուցակում. BTA

Բուլղարացի գրող Ռենե Կարաբաշն իր «Նա, ով մնում է» վեպով, որն անգլերեն թարգմանվել է Իզիդորա Անգելի կողմից, ընդգրկվել է Բուքերյան միջազգային մրցանակի 2026 թվականի թեկնածուների կարճ ցուցակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA):

Մայիսի 19-ին Լոնդոնի Թեյթ Մոդեռն թանգարանում կայանալիք արարողության ժամանակ հաղթողին կհայտարարի 2026 թվականի ժյուրիի նախագահ Նատաշա Բրաունը։

Սա երկրորդ բուլղարական վեպն է, որը ներառվել է Բուքերյան միջազգային մրցանակի կարճ ցուցակում: Մինչ այդ այս ցուցակում էր ընդգրկվել Անժելա Ռոդելի թարգմանությամբ Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» ստեղծագործությունը, որը մրցանակը շահել էր 2023 թվականին։

Կազմակերպիչները հայտնել են, որ արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի YouTube-ով։

Այս տարվա կարճ ցուցակում ընդգրկված այլ վեպերի թվում են Շիդա Բազյարի «Գիշերները հանգիստ են Թեհրանում», Դանիել Քելմանի «Ռեժիսորը», Անա Պաուլա Մայայի «Երկրի վրա, ինչպես դրա տակ», Մարի ՆԴիայեի «Կախարդը» և Յանգ Շուանգ-զիի «Թայվանի ճանապարհորդություն» վեպերը։

Այս տարի ներկայացվել է անգլերեն թարգմանված և վերջին 12 ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայում հրատարակված 128 գիրք։ Ժյուրին նախ ընտրել է 13 գրքից բաղկացած երկար ցուցակ, ապա կրճատել այն՝ հասցնելով 6-ի։

Հաղթող հեղինակը և թարգմանիչը հավասարապես կկիսեն 50 000 ֆունտ ստեռլինգ մրցանակը, մինչդեռ կարճ ցուցակում ընդգրկված մնացած վեպերից յուրաքանչյուրը կստանա 5000 ֆունտ ստեռլինգ, որը նույնպես կբաժանվի հեղինակի և թարգմանչի միջև։

Բուլղարացի բանաստեղծուհի, գրող, սցենարիստ և դրամատուրգ Ռենե Կարաբաշը (Իրենա Իվանովա) ծնվել է 1989 թվականին։ Նա «Նապաստակի բույն» գրողների ակադեմիայի հիմնադիրն ու կազմակերպիչն է։ Արժանացել է տարբեր մրցանակների։

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում