Վիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի հաղթողներ
3 րոպեի ընթերցում

Եզրափակվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 12-18-ը Երևանում կայացած կոմպոզիտորական ստուգատեսի մրցութային փուլերին իրավունք էին ստացել մասնակցելու մինչև 18 տարեկան 15 պատանի կոմպոզիտոր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 18-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած գալա համերգի շրջանակում հայտնի են դարձել մրցույթի մրցանակակիրների անունները:
Ժյուրիի որոշմամբ՝ կրտսեր (մինչև 13 տարեկաններ) խմբում հատուկ մրցանակի է արժանացել Հրաչյա Ղազարյանը (դաս.՝ Արփինե Կալինինա), երրորդ հորիզոնականը զբաղեցրել են Ադրիանա Շահինյանը (դաս.՝ Գայանե Գրիգորյան) և Արայիկ Սարգսյանը (դաս.՝ Նելլի Մնացականյան), իսկ երկրորդ մրցանակի են արժանացել Արթուր Գրիգորյանը (դաս.՝ Արփինե Կալինինա) և Մոնթե Միքայելյանը (դաս.՝ Նելլի Մնացականյանը):
Ավագ խմբում (14-ից 18 տարեկաններ) երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գրիգոր Խաչատուրյանը (դաս.՝ Արփինե Կալինինա), իսկ երկրորդ հորիզոնականը՝ Նորայր Նիկողոսյանը (դաս.՝ Աշոտ Ղազարյան): Ժյուրիի կայացրած որոշման համաձայն՝ ավագ խմբում հաղթող է ճանաչվել երկու մասնակից՝ Վիկտորյա Ուլիխանյանը (դաս.՝ Միխայիլ Կոկժաև) և Գարիկ Հարությունյանը (դաս.՝ Աշոտ Ղազարյան):
Բոլոր մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով, խրախուսական նվերներով, մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև անվանական գավաթներով, դրամական պարգևներով: Մրցույթի հաղթողների համար սահմանված է եղել նաև մեկ այլ մրցանակ. մինչև տարվա վերջ նրանց ստեղծագործությունների հիման վրա կբեմադրվեն խորեոգրաֆիկ պատկերներ:

Պատանեկան կոմպոզիտորական նախագծերի պատմության մեջ առաջին անգամ ներմուծվել է խորեոգրաֆիկ տարր. երեկոյի ընթացքում նախորդ տարվա մրցանակակիրներ Գագիկ Ավետիսյանի և Գարիկ Հարությունյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Մղձավանջ» խորեոգրաֆիկ պատկերը ներկայացվել է հանդիսատեսին «Կադանս» ստուդիայի (գեղարվեստական ղեկավար՝ Ասատուր Քալաշյան) սաների և մենապարող Կարեն Խաչատրյանի կատարմամբ:
Առջևում Աշտարակում կայանալիք համերգն է, որին կմասնակցեն մրցույթի բոլոր մասնակիցները:
Ժյուրիի կազմում են եղել անվանի երաժիշտներ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Ռուբեն Ասատրյանը, Էդուարդ Հայրապետյանը, Նարինե Զարիֆյանը, Աննա Ասատրյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը: